Արցախի Պն–ն այսօր հաղորդագրություն տարածեց, որտեղ ասվում էր, որ հոկտեմբերի 22-ին Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Ժնևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիս-արևելյան (Մարտակերտ-Մատաղիս) ուղղությամբ կիրառել են հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի վրա արձակելով ականանետի 5 արկ և «ՍՊԱՅԿ» տիպի մեկ հակատանկային հրթիռ:
ՊՆ-ն այս հաղորդագրությունից քիչ անց տարածեց նաև տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է Ադրբեջանի զինուժը «ՍՊԱՅԿ» հրթիռ արձակում: Սարգսյան-Ալիև հանդիպման ու դրա հետևանքների մասին ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ:
-Պարո՛ն Սարգսյան, Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո Ադրբեջանը դիմում է սադրանքի՝ նախ զոհ ենք ունենում սահմանին, հետո էլ՝ Մարտակերտ-Մատաղիս ուղղությամբ կիրառում է հրետանային զինատեսակներ: Արդո՞ք այս քայլով Ադրբեջանը ի չիք չի դարձնում բանակցությունների շնորհիվ հարցը լուծելու համանախագահների փորձերը:
-Սա սպասելի քաղաքական գիծ էր, որը չի փոխվելու, որովհետև տարիներ շարունակ Ադրբեջանն իր ժողովրդի մեջ սերմանել է և՛ ատելություն հայ ժողովրդի նկատմամբ, և՛ ուժի կիրառումը ցուցադրել է որպես հզորության միջոց: Հետևաբար, այս վիճակն ինչպես եղել է, այնպես էլ շարունակելու է մնալ:
-Այս պարագայում՝ ո՞րն է համանախագահների անելիքը, արդո՞ք պետք է հայկական կողմը շարունակի մասնակցել բանակցությունների, որից հետո միևնույն է՝ շարունակում են հայ զինվորներ զոհվել հակառակորդի կրակոցներից:
-Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ընդամենը միջնորդներ են հակամարտող կողմերի մեջ, նրանք հարցը լուծողներ կամ խաղաղություն պարտադրողներ չեն, նրանք ունեն միայն մեկ մանդատ՝ այն է՝ հաշտեցնել կողմերին և անել առաջարկություններ, որն էլ անում են. այլ լիազորություն նրանք չունեն: Համանախագահները պարտադրելու, սանկցիա կիրառելու հնարավորություն չունեն, որը կկարողանային կիրառել պայմանավորվածությունը խախտած կողմի նկատմամբ: Մյուս կողմից՝ հայկական կողմը, չեմ հասկանում՝ ինչո՞ւ չի խոսում այն մասին, որ մենք տարածքային ամբողջականության հետ կապված խնդիր չունենք, հետևաբար, այդ հարցը դուրս պետք է գա: Խնդիրն այն է, որ Արցախի դեպքում չի գործում տարածքային ամբողջականության հարցը, որովհետև ԼՂ Հանրապետությունը ձևավորվել է օրինական ճանապարհով: Հիմա, եթե մենք սա չենք ասում, նրանք էլ ասում են՝ մեր տարածքային ամբողջականությունը խախտվում է, և, հետևաբար, պայման են դնում ինքնորոշման հարցի հետ կապված: Պետք է ներկայացնել, որ Արցախն ի սկզբանե տարածքային ամբողջականության խնդիր չունի: Ցավալի է, որ ԼՂ-ն, երբ Ադրբեջանի կազմից դուրս չեկավ Ստամբուլում, ՄԱԿ-ում դրա վերաբերյալ որևէ վերապահում չարվեց, դրա համար՝ հիմա ամբողջ աշխարհն ասում է, որ դուք ինքներդ չեք ասել, որ Արցախն Ադրբեջանի կազմում չէ:
-Ստեղծված իրավիճակում, արդյո՞ք չպետք է բարձրացնել ոչ թե Լեռնային Ղարաբաղի անկախության, այլ Արցախ-Հայաստան միացման խնդիրը:
-Միացումն է ճիշտ, որովհետև երկու հայկական անկախ պետություն միջազգային հանրությունը չի կարող ընկալել: Անգամ իրավական տեսակետից՝ միջազգային հանրության համար ընդունելի է միացյալ մեկ պետության գոյությունը: Հանրաքվեով, եթե այն ժամանակ իրենք հայտարարեին, որ միանում են Հայաստանին, այսօր վիճելի տարածքների հարցը կհիմնավորվեր, որ դա Հայաստանի պատմական տարածքներն են:
-Օրեր առաջ Ժնևում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո համանախագահները տարածեցին հայտարարություն, որի տակ առաջին անգամ ստորագրեցին ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները: Այդ պայմանավորվածությունից հետո հայ զինվոր սպանելով, արդյո՞ք Ադրբեջանը խաչ չքաշեց Մամեդյարովի ստորագրության վրա:
-Ժնևի հայ համայնքում Սերժ Սարգսյանի խոսքը Ադրբեջանը գուցե դարձրեց պատրվակ՝ ընդգծելով՝ տեսե՛ք, որ մենք էլ պայմանավորվածությունն այսկերպ ենք խախտում՝ դիմելով ագրեսիայի: Ալիևը չի փոխելու իր քաղաքական գիծը, մինչև հույսը չկտրի և չհասկանա, որ չի կարող Արցախը պահել իրեն:
Հարցազրույցն՝ Աղավնի Սուքիասյանի