Հայաստանի Ազգային ժողովում  շարունակվում են «Պաշտպանության մասին» օրենքի նախագծի քննարկումները, որն առաջին ընթերցմամբ ընդունվեց: 

Խորհրդարանը կքննարկի նաև ՊՆ ներկայացրած ևս մեկ օրենքի նախագիծ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»:

Այս նախագծով հանվում է զորակոչիկների տարկետման իրավունքը, ինչն արդեն դարձել է բուռն քննարկումների և ուսանողական բողոքի ակցիաների առիթ:

ԵԼՔ դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք նախարարը հանդիպել է բողոքող ուսանողների հետ: Հարցին ի պատասխան՝ նախարարը նշեց, որ՝ այո՛, հանդիպել է և իր իրավունքն է չհանրայնացնել, թե ինչպիսի ձևաչափով է անցել այդ հանդիպումը: 

Պատգամավորը փորձեց հասկանալ նախարարի տեսակետը նաև հարցի վերբերյալ, որով նախատեսվում է, որ 27 տարին լրացած անձինք կարող են վճարել և չանցնել զինվորական ծառայություն: «Չի կարելի է գումարով ազատվել Սահմանադրությամբ սահմանված պարտավորությունից, որովհետև կստացվի՝ ով փող ունի, վճարում է և ազատվում ծառայությունից,  իսկ սոցիալական խնդիր ունեցողը չի վճարում և ծառայում է առաջնագծում»: 

Նախարարին հարցեր ուղղեց նաև ԱԺ ԵԼՔ  խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը. «Ավելի վաղ նշել եք, որ ավելի լավ է՝ կոնսենսուսով ընդունվեն այս նախագծերը: Ինձ հետաքրքիր է՝ այդ կոնսենսուսին հասնելու համար որքա՞ն է Ձեր  անձնական դիրքորոշումը փոխզիջումային, որովհետեւ կան դետալներ, որոնց ընդդիմության ներկայացուցիչները դեմ են»,-ասաց նա:

Պատասխանելով հարցին՝ Վիգեն Սարգսյանը նշեց.  «Ես չեմ հիշում, որ քննարկումների ժամանակ ձեր հնչեցրած որևէ հարց ներառված չլինի այս նախագծում: Ես բավականին ճկուն եմ քաղաքականություն մշակելիս, չի եղել առաջարկ, որը մանրամասն չի քննարկվել: Քաղաքականությունն այս է՝ պետք է ծառայեն բոլորը՝ բարձրագույն կրթություն ունեցող, գիտական ներուժ ունեցող մարդը կարող է որպես սպա ծառայել, իսկ ով ուզում է շարքային ծառայություն անցնել, կարող  է ծառայել երկու տարի»,-ասաց նախարարը: