Մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի ավարտ զոհված զինծառայողների և առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների անօթևան ընտանիքների բնակարանային խնդիրները կլուծվեն: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Գիտեք, որ հանրապետության Նախագահը հնչեցրել է հանձնարարական՝ լուծել զոհված և առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների բնակարանների հարցը երեք տարվա ընթացքում: Մեզ հաջողվեց որոշակի միջոցներ մոբիլիզացնելով, այդ թվում՝ ոստիկանության արտաբյուջեով, բյուջեով հավաքագրվող գումարների մի մասը վերաբաշխելով՝ ծրագիրն ամբողջացնել այս տարվա ընթացքում: Մինչև դեկտեմբերի ավարտ զոհված զինծառայողների անօթևան ընտանիքները, առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների անօթևան և բնակարանի բարելավման խնդիր ունեցող ընտանիքները կստանան օրենքով նախատեսված փոխհատուցումը»,- նշեց Սարգսյանը:
Նախարարը հավելեց, որ Երևանում բնակվող ընտանիքները կստանան համապատասխան չափի բնակարաններ, իսկ մարզերում բնակվողները՝ բնակարանային սերտիֆիկատներ:
Վիգեն Սարգսյանը շեշտեց, որ նախկին և ներկա զինծառայողների բնակարանային խնդիրները լուծելու ծրագիրն ինտենսիվ ընթանում է: Նախարարը հիշեցրեց, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով հիփոթեքային մատչելի ծրագիր են առաջարկում ՀՀ զինված ուժերում ծառայող սպաների համար՝ հավելելով, որ դա շատ կարևոր քայլ է զինծառայողների սոցիալական խնդիրները լուծելու առումով: