«Դիլիջան ազգային պարկում» ուղեփակոցի վագոն-տնակի հրկիզման դեպքով հարուցված քրեական գործով ձերբակալվել է ևս մեկ անձ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Շարունակվում են անհրաժեշտ դատավարական և օպերատիվ-որոնողական գործողությունները՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Շամախյան տեղամասում պահնորդական ծառայություն իրականացնող «Պանտերա սիքյուրիթի» ՍՊ ընկերությանը պատկանող հենակետ հանդիսացող վագոն-տնակի հրդեհման դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել էր քրեական գործ: Ընթացող նախաքննությամբ ձեռք բերված փաստական նոր տվյալների հիման վրա, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված կարգով, ՀՀ Տավուշի մարզի դատախազության դատախազի կողմից նախաքննություն իրականացնող մարմնին տրված գրավոր ցուցումով ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է ևս մեկ անձ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ հոկտեմբերի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակվել էր մեկ անձ, որին ավելի ուշ ՀՀ քրեական օրենսգրքի նույն հոդվածով առաջադրվեց մեղադրանք և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց կալանավորումը»: