Հայաստանի Կենտրոնական բանկին 2018 թ. բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 7 միլիարդ 295 միլիոն դրամ՝ նախորդ տարվա 7 միլիարդ 158 միլիոն դրամի դիմաց: Ազգային ժողովում ՀՀ 2018 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: «Ապարատի պահպանման ծախսերի համար նախատեսվել է 7 միլիարդ 64 միլիոն դրամ, որից աշխատավարձերի ծախսը կազմում է 6.78 միլիոն դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ 2 տոկոսով ավել է: Սա հիմնականում պայմանավորված է աշխատանքային ստաժի հետ կապված աշխատավարձերի բնականոն աճով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Ջավադյանը:
Նա հավելեց, որ հաշվարկ է կատարվել 215 աշխատակցի համար նախորդ տարվա 220-ի դիմաց՝ ընդգծելով, որ 2017թ. ընթացքում 5 մարդու հաստիք կրճատվել է: Ներկայացուցչական ծախսերը, սոցիալական ապահովման ծախսերը մնացել են նույն մակարդակի վրա, անձնակազմի գործուղման և վերապատրաստման ծախսերը 4 միլիոն դրամով պակասել են:
Ծառայողական փոխադրամիջոցների շահագործման ծախսերը չեն փոխվել 32 մեքենայի ավտոբուսների, տրակտորի և այլ տեխնիկայի համար: