Այլ երկրներում Հայաստանի դեսպանների նշանակումը բացառապես հանրապետության նախագահի լիազորությունների շրջանակներում է: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում Ռուբեն Սադոյանի նշանակմանը: «Դեսպանի աշխատանքի մասին դատում են նրա գործով: Կաշխատի, կտեսնենք, գնահատականը կտանք»,- ասաց Քոչարյանը:
Անդրադառնալով դիտարկմանը, թե մինչ այդ Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնում շրջանառվում էր քաղաքագետ Սերգեյ Մինասյանի անունը՝ Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Կա միջազգային պրակտիկա՝ քանի դեսպանը նշանակված չէ, դրա մասին ընդհանրապես չեն էլ խոսում: Կան բացառություններ այն երկրներում, որտեղ դեսպանները նշանակվում են խորհրդարանի կողմից, օրինակ, ԱՄՆ-ում: Ես ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ, օրինակ, նույն մեր հարևան Վրաստանը մեր երկրում բազմաթիվ դեսպաններ է նշանակել, սակայն վրացական մամուլում նշանակումներից առաջ երբեք քննարկումներ չեն եղել: Այնպես որ, ինձ համար ընդհանրապես անհասկանալի էր այն մոտեցումը, որ մինչև հրամանագիրը սկսում են շոշափել անուններ: Դա ընդունված չէ և այնքան էլ կոռեկտ չէ հարևան պետության նկատմամբ»: