Երբ նորաթուխ «Ազգ-բանակ» կոնցեպտը կյանքի կոչելու համար քարոզչական զանազան ճանապարհներով ու հոգեբանական հնարքներով փորձ էր արվում այն ընկալելի դարձնել հասարակությանը, ասվում էր, որ դրա էությունը մեկն է, որ հնչում է այսպես` քաղաքացին` պետության համար, պետությունն էլ` քաղաքացու: Ինչ խոսք` չի կարող գտնվել գեթ մեկ առողջ բանականությամբ մարդ, ով թեկուզ մտովի՝ կհամարձակվի ընդդիմանալ այն գաղափարին, որն ընկած է «Ազգ-բանակի» հիմքում` առնվազն տեսականորեն:

Մամուլում բավական մեծ աղմուկ է բարձրացրել Ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողների բողոքը, որը պայմանավորված է ԲՈւՀ-երում, բայց հատկապես՝ Երևանի պետական համալսարանում իրենց նկատմամբ ցուցաբերվող անբարեխիղճ վերաբերմունքով. Սիմոնյանը կտրականապես հրաժարվում է հայրենիքի առաջ ծառայություններ մատուցած երիտասարդներին ընդառաջել ու զեղչել ուսման վարձը: Ու հիմա պատերազմի մասնակից ուսանողները ճարահատյալ դիմում են երկրի նախագահին ու վարչապետին` հարցին լուծում գտնելու հույով: Ընդ որում` որպես ուսանողներին չընդառաջելու հիմնավորում՝ ԵՊՀ-ի կողմից բերվում է այն հանգամանքը, որ նրանց զինգրքույկներում Ապրիլյան պատերազմի մասնակից լինելու վերաբերյալ ոչ մի նշում գոյություն չունի. ոչ մի զեղչ էլ չի կարող նրանց նկատմամբ կիրառվել` նույնիսկ մի լումայի:

Երբ այս տեսարանը փորձում ես դիտարկել զանազան պաշտոնյաների շուրթերով պարբերաբար հնչող բոցաշունչ ելույթների համատեքստում, ջանում պրակտիկորեն հասկանալ` ինչ է նշանակում «Ազգ-բանակ» ասվածը՝ հատկապես նմանատիպ ամոթալի պատկերի ֆոնին, հասկանում ես մեկ բան` կա՛մ կոնցեպտը դեռ լիարժեքորեն կյանքի չկոչված՝ արդեն իսկ հասցրել է փլուզվել, կա՛մ այն ոչ այլ ինչ է, եթե ոչ սովորական քարոզչական հնարք` ինչ-որ մարդկանց մոտ դրական տպավորություն ստեղծելու համար: Ի՞նչ է, պարտադիր պետք է մեռնեի՞ն, որ հայրենիքի առջև կարևոր ծառայություն մատուցած լինեին… Չէ՞ որ վաղը, երբ էլի պատերազմ սկսվի, իսկ այն մի օր կսկսվի, կրկին հնչելու է կոչ` գնալ ու պաշտպանել հայենիքը: Այս երիտասարդները պետության առաջ պարտավորության իրենց մասը կատարել են ու հիմա արդարացիորեն պահանջում են, որպեսզի Սիմոնյան Արամն էլ իր հերթին բարեխղճություն ցուցաբերի ու իրենց վարձը գոնե 1/3-ով զեղչի (հավատացե՛ք` դրանից նա չի աղքատանա), չէ՞ որ հանրահայտ կոնցեպը բացառում է միակողմանիության սկզբունքը:

Իրականում հարցն այստեղ այդ մի քանի հարյուր հազար դրամը չէ, այլ այն, թե ինչու պետք է մահվան ռիսկի գնացած երիտասարդներն (թեկուզ հայրենիքի առաջ իրենց ունեցած պարտավորությունների շրջանակներում) այսօր չկարողանան իրենց արդարացի պահանջը տեղ հասցնել առաջին մակարդակում ու ստիպված լինեն այդ խնդրով դիմել նախագահին ու վարչապետին: Հետաքրքիր է` իսկ Լևոն Մկրտչյանն ի՞նչ է մտածում այս ամենի մասին:Եթե չենք սխալվում, հենց նա է կրթության ոլորտի համար մեկ պաշտոնյան. միգուցե արձագանքե՞ր…

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ