«Փաստ» օրաթերթը գրում է.
Պաշտպանության նախարարությանը կարտոֆիլ մատակարարողներն այս տարի գյուղացիներից կարտոֆիլի կիլոգրամը 65–70 դրամով են գնում, իսկ զորամասերին ավելի բարձր գնով հանձնում: Տասը օր առաջ Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքի կարտոֆիլագործները 65 դրամով են կարտոֆիլ վաճառել: Նորակերտի բնակիչները «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասացին, որ գինն արդարացված չէ, բայց ստիպված են այդ քայլին գնալ:
«Անճարները տալիս են, բա ի՞նչ անեն: Նրանք, ովքեր հնարավորություն ունեն հանրապետությունում գործող շուկաներ տանել, չեն տալիս: Մնացածները վախենում են չիրացվի, մնա փչանա, ստիպված վաճառում են»,– ասացին նրանք:
Կարտոֆիլագործների խոսքով՝ բանակին կարտոֆիլ մատակարարողները գերշահույթ են ստանում իրենց հաշվին: 80%–ի պարագայում գյուղացիներից կարտոֆիլ գնող եւ բանակին վերավաճառող միջնորդները գերշահույթ են ստանում` գրեթե ոչ մի աշխատանք չկատարելով։
«Սերմին փող ենք տալիս, վարին ու ցանքին՝ նույնպես: Հետո ամբողջ տարին էլի ենք ծախս անում՝ բուժանյութ ենք տալիս: Հողից հանելը կրկին ծախս է, տուն հասցնելը՝ նույնպես: Բայց ջրի գնով վերջում վաճառում ենք»,– սրտնեղեցին նորակերտցիները:
Նույն գնով ՊՆ–ին կարտոֆիլ չեն պատրաստվում տալ Մեծ Մասրիկ համայնքում: Միջնորդները եկել են ու իրենց պայմանները ներկայացրել, գյուղացիներն էլ հրաժարվել են նրանց հետ առեւտուր անել: Բերքը քիչ է, կարտոֆիլագործը բարձր գին է սահմանել:
«Դա գին չի՝ ձեռառնոցի է: Մենք էդ գնով նրանց ապրանք չենք տա: Մեզանից երկու անգամ ավելի են եկամուտ ստանում: Մեզ մենակ չարչարանքն է մնում: Սերմի գինը սկսվում է 350 դրամից: Հոլանդականը 600 դրամով է վաճառվում: Հիմա ի՞նչ անենք` 600–ով առնենք, 65–ով ծախե՞նք»,– բողոքեցին մեր զրուցակիցները:
Կարտոֆիլն այս տարի առատ չի եղել: Համայնքի ղեկավար Արմեն Ասատրյանի տեղեկացմամբ՝ երաշտը ազդել է բերքատվության ցուցանիշի վրա:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում