Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը վստահեցնում է, որ Հայաստանի պետական պարտքը կառավարելի է: Ազգային ժողովում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը ՀՀ փոխվարչապետն ընդգծեց, որ Հայաստանի պետական պարտքի հիմնական մասը ներգրավված է միջազգային դոնոր կազմակերպություններից ցածր տոկոսադրույքներով: «Այդ պարտքը կառավարելի է, որովհետև միջազգային բոլոր հենանիշների նկատմամբ մեր ցուցանիշները հստակ ցածր են և գտնվում են կառավարելիության տիրույթում»,- նշեց Գաբրիելյանը:
Փոխվարչապետը հավելեց, որ պարտքի կառավարելիության մասին է վկայում այն հանգամանքը, որ 2018թ. Հայաստանի արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը մեկ տոկոսային կետով նվազելու է: «Սա խոսում է պարտքի կայունացման մասին: Սա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք մեզ համար կարևոր որևէ ծրագրից: Մենք սա անում ենք չափավոր կերպով՝ համակցելով դա ընդհանուր կայունությանը»,- ասաց Գաբրիելյանը:
Նա նշեց, որ ցածր տոկոսադրույքներով միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից տրամադրվող միջոցներով կառավարությունն ավելացրել է ներքին ծրագրերը՝ ներքին ներդրումները խթանելու ճանապարհով ստեղծելով հնարավորություններ, որոնք կնպաստեն ոչ միայն տնտեսական աճին, այլ քաղաքացիների կենսամակարդակի և կենցաղի բարելավմանը: