ՀՀ կառավարությունն այսօր ֆինանսական աջակցություն հատկացրեց ՀՀ ազգային ժողովի 2017 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին: Հատկացված 100 մլն դրամ ֆինանսական աջակցության ահռելի մասը բաժին հասավ ՀՀԿ-ին՝ 30 միլիոն դրամ, որին հերթականությամբ հաջորդում են «Ծառուկյան» դաշինքը՝ 17 մլն, «Ելք» դաշինքը՝ 4 մլն, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը՝ 4 մլն և «Հայկական վերածնունդ» կուսակցությունը՝ 2 մլն դրամով:
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն, անդրադառնալով այս ֆինանսական աջակցությանը, նշեց, որ տարիներ շարունակ «Ժառանգություն»-ը պայքարել է, որպեսզի պետբյուջեից կուսակցություններին տրվող այս հատկացումների տրամադրման կարգը փոխվի. «Մենք պայքարում էինք, որ կուսակցություններին ֆինանսական աջակցություն տրվի հետևյալ կերպ՝ ով ավելի շատ ձայներ է հավաքում, նրան պետք է ավելի քիչ գումար հատկացնել: Մեր առաջարկած ռեգրեսիվ համակարգով խոշորների կողքին կկարողանային գոյատևել նաև ընտրություններին քիչ ձայներ հավաքած և քիչ անդամներ ունեցող կուսակցությունները: Օրինակ՝ «Ժառանգությանը» տարեկան հասնում էր մոտ 8-10 հազար ԱՄՆ դոլար, ինչը չէր բավարարում անգամ մեկ տարի կուսակցության համար գրասենյակ վարձելուն: Ինչևէ, մեր առաջարկած մեխանիզմը, որը կփրկեր և գոյատևման հնարավորություն կտար շատ կուսակցությունների, իշխանությունը մշտապես մերժում էր»,-նշեց Մարտիրոսյանն՝ ընդգծելով, որ իրենց առաջարկած տարբերակով են եվրոպական երկրներում պահում անգամ շատ փոքր կուսակցությունները:
Արմեն Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ ընդդիմադիր կուսակցություններն այս ոչ ճիշտ աջակցության արդյունքում մշտապես ունեցել են և ունեն ֆինանսական խնդիրներ, ինչն էլ շատերի պարագայում կարող է դառնալ կուսակցության գործունեության դադարեցման պատճառ. «Ակնհայտորեն, Հայաստանում որևէ գործարար՝ խիզախություն չունի ֆինանսավորել ընդդիմադիր կուսակցություն, ուստի, այս պարագայում, պետությունը պետք է կիրառի մեր առաջարկած մեխանիզմը, որպեսզի կուսակցությունները կարողանան անկախ և ինքնուրույն գործել»:
Աղավնի Սուքիասյան