Գերմանիայի Քյոլն քաղաքում նոյեմբերի 18-ին տեղի հայ համայնքի նախաձեռնությամբ տեղադրվեց խաչքար' ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Խաչքարն օծվեց Գերմանիայի Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդական փոխանորդ Սերովբե վարդապետ Իսախանյանի ձեռամբ: Խաչքարը կանգնեցվել է Պետերբուրգից հայ բարերար Հրաչյա Պողոսյանի միջոցներով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Խաչքարի օծումից հետո բազմաթիվ ներկաներ մեկնեցին Քյոլնի Սբ. Սահակ-Մեսրոպ եկեղեցի' հիշատակի միջոցառմանը մասնակցելու նպատակով:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Քյոլնի հայ համայնքի ղեկավար Մինու Նիկբայը: Ողջույնի խոսքով հանդես եկան Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը, Քյոլնի քաղաքապետի տեղակալ Էլֆի Շո-Անդվերպեսը, Քյոլնի ՔԴՄ խմբակցության ղեկավար Բեռնդ Պետելքաուն և Հյուսիսային Հռենոս և Վեստֆալիա երկրամասի պատգամավոր Բերիվան Այմազը:
Ելույթ ունեցողները կարևորեցին խաչքարի տեղադրումը և նշեցին, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելը Գերմանիայի հիշողության քաղաքականության մաս է: