Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը խոսելով Ադրբեջանի ԵԱՏՄ անդամակցությունից, որպես այդ միության անդամ դառնալու պարտադիր պայման՝ նշեց. «ԵԱՏՄ ոչ միայն անդամ, այլև նույնիսկ դիտորդ պետությունը պետք է միության անդամ պետություններին վնասող քայլեր չձեռնարկի»:

Ըստ Քոչարյանի՝ Ադրբեջանի` ԵԱՏՄ կազմում լինելը, նշանակում է պահպանել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի այն դրույթը, որով նույնիսկ դիտորդ պետությունը, ոչ միայն անդամը, չպետք է որևէ քայլեր ձեռնարկի՝ ի վնաս անդամ պետությունների կամ ընդհանուր առմամբ՝ Եվրասիական տնտեսական միության, իսկ դա ենթադրում է, որ, եթե Ադրբեջանը ցանկանում է այս կամ այն ձևով մոտենալ ԵԱՏՄ-ին, պիտի այսպիսի քայլեր չձեռնարկի:

Շավարշ Քոչարյանի խոսքով, սակայն,  մինչ այժմ  Ադրբեջանը շրջափակված է պահում Հայաստանը:

Անդրադառնալով լավրովյան այցին և հակամարտության ուղղությամբ կատարվող քայլերին՝ ՀՀ փոխարտգործնախարարը նշեց, որ բանակցություններում առաջընթաց գրանցելու համար կողմերի միջև պետք է լինի վստահություն. «Բաքուն ամեն ինչ անում է, որ ստատուս քվոն պահպանվի: Բազմիցս ասվել է՝ որպեսզի բանակցությունները կարողանան առաջ շարժվել, կողմերի միջեւ պետք է լինի վստահություն, իսկ վստահությունն իր մեջ ենթադրում է նաև այն միջոցառումների իրականացումը, որոնց մասին խոսվել է և՛ Վիեննայում, և՛ Սանկտ Պետերբուրգում: Եթե կողմերից մեկն ունի հետևյալ դիրքորոշումը` կա՛մ ամեն ինչ, կա՛մ ոչինչ, ապա, բնական է՝ բանակցություններում կլինի ոչինչ», – ասաց Քոչարյանը: