Նրա խոսքով՝ փաստորեն, Հայաստանը ստորագրում է մի փաստաթուղթ, որը չի վնասում Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ միևնույն ժամանակ ընդլայնելով հարաբերությունները Եվրամիության հետ. «Այս քայլով հիմք է դրվում վերականգնելու Հայաստանի հետագա կոմպլիմենտալ քաղաքականությունը, որտեղ ՀՀ-ն ունի ռազմավարական հարաբերություններ Ռուսաստանի հետ և միաժամանակ բարիդրացիական, ընդլայնված հարաբերություններ է հաստատում նաև եվրամիության հետ՝ դառնալով կամուրջ վերջինիս և Ռուսաստանի միջև»,- ասաց նա:
Հարցին՝ կա տեսակետ, որ իշխանություններն այդքան քաղաքակաան կամք չեն ունենա՝ կյանքի կոչելու այս համաձայնագիրը, որ այն կմնա թղթի վրա, իշխանություններն իսկապե՞ս բարեփոխումների պատրաստ են, Բոզոյանը պատասխանեց.
«Դա կախված է նաև հասարկությունից: Աշխարհում ոչ մի հասարակություն, իներտ լինելով, չի հասնում հաջողությունների, հասարկությունն ինքը պետք է մղի այդ փոփոխություններին՝ ստիպելով, որ իշխանությունները կատարեն դրանք: Ամեն երկրում իր չափով է կյանքի կոչվում, մի տեղ շատ, մյուսում՝ քիչ, սակայն դա կախված է տվյալ երկրից: Չկա կախարդական փայտիկ, որ եվրոպացին գա և սկսի հայ ժողովրդի կյանքը երջանկացնել: Որ հարցում որ իշխանությունը հապաղում է՝ պետք է ուշադրություն դարձնել, ճնշել, որպեսզի գնան այդ քայլին»,- նշեց նա՝ ավելացնելով, որ սա քայլ առաջ է, որն, ըստ էության, հիմք է ստեղծում, որպեսզի Հայաստանում նույնպես այն խաղի կանոնները, որ հաստատված են Եվրոպայում, կամաց-կամաց ընդունվեն:
Համաձայնագրի ստորագրումը հնարավորություն կտա՞ որոշ չափով նվազեցնել մեր երկրի վրա եղած ռուսական ազդեցությունը, հարցին ի պատասխան՝ Բոզոյանն ասաց.
«Այլ երկրի ազդեցությունը թուլացնելու համար երկիրը պետք է ուժեղանա: Եթե երկիրը շատ է թուլանում, ինքն է օգնության կանչում ուժեղին: Չկա մի իրավիճակ, որից ելք չունենանք: Միջազգային իրադրությունն այնպիսին է, որ եթե մենք ուզենանք թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը՝ կթուլացնենք, կա ԱՄՆ, կա Արևմուտք, որոնք կաջակցեն, բայց չենք անում, որովհետև այդ թուլացումից մենք չենք շահի, քանի որ չունենք էկոհամակարգեր, բնական պաշարներ, բավարար զենք-զինամթերք, արտագաղթի պարագայում՝ չունենք այնպիսի բանակ, որ կարողանանք մեզ պաշտպանել: Սա է պատճառը, որ փորձում ենք օգնություն ստանալ Ռուսաստանից»,- ասաց նա՝ նշելով, որ հայերը միշտ մտածում են՝ ռուսները ծնված են հայ ժողովրդին օգնելու և աջակցելու համար:
Սոնա Հարությունյան