Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը սահմանում է ԵՄ-ի պատրաստակամությունը ՀՀ-ի հետ շարունակելու համագործակցությունը էներգետիկ ոլորտում: Նոյեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Եվրամիությունը ձգտում է Հայաստանին ուղղված մեր աջակցությունը ընդլայնել՝ զարգացնելու կանաչ էներգետիկայի ոլորտը, ազատականացնելու էներգետիկ շուկան, նաև առավել հասանելի ու մատչելի դարձնել էներգետիկ ռեսուրսների գները հասարակ քաղաքացիների համար: Եվ սա հստակ հանձնառություն է»,-ասաց պաշտոնյան:

Սվիտալսկին շեշտեց, որ միանում է ՀՀ կառավարության ներկայացուցիչների այն  հայտարարություններին, ըստ որի՝ «համաձայնագիրը չի պարունակում որևէ տարր, որը ինչ-որ բան կպարտադրի Հայաստանին»:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի դիտարկմամբ՝ իրենք տարիներ շարունակ աջակցում են Հայաստանին Մեծամորի ատոմակայանի անվտանգ գործունեությունն ապահովելու առումով և պատրաստ են որոնելու լուծումներ ատոմակայանի շահագործման առնչությամբ հաջորդ քայլը մշակելու ժամանակ:

«Ճշմարիտ է, որ յուրաքանչյուր ռեակտոր ունի իր ժամկետի ավարտի պահը, իհարկե, այն կարող ես երկարաձգել, ցանկացած բան անել, որը տեխնիկապես կապահովվի դրա անվտանգ շահագործումը, բայց ամեն դեպքում՝ հարկ կլինի նայել առաջ ու ծրագրել հաջորդ քայլը: ԵՄ-ն ասում է, որ մենք պատրաստ ենք համագործակցել՝ գտնելու պատշաճ, արդյունավետ, մատչելի լուծում»,-նշեց Սվիտալսկին՝ հավելելով, որ այդ լուծումը դուր կգա ՀՀ բոլոր քաղաքացիներին:

Բրյուսելում նոյեմբերի 24-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: