Երեկ կայացել է Գորիսի համայնքի ավագանու հերթական նիստը, որը վարել է նորընտիր համայնքապետ Առուշ Առուշանյանը: Օրակարգում ընդգրկված հարցերից մեկը վերաբերել է համայնքային սեփականություն համարվող հողատարածքների վաճառքին: Պարզվում է՝ նորընտիր ավագանին, եկած-չեկած՝ արդեն օտարում է համայնքային սեփականություն համարվող հողերը՝ դրանք օտարելով շատ էժան գնով: Եվ այսպես՝ երեկ, ավագանու նիստում կայացված որոշմամբ՝ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի գյուղատնտեսական նշանակության հողերը վաճառվելու են «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը, որի սեփականատերն, ինչպես գիտենք, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանն է: Այս ամենի մեջ հետաքրքականը, սակայն, առաջարկող հողի գինն է:
Պարզվում է՝ որպես հողակտորի մեկ քառակուսի մետրի գին՝ սահմանվել է ութ հարյուր տաս /810/ ՀՀ դրամը: Ավագանու այս որոշումը, բնականաբար, ընդունվել է և այժմ սկանդալային անցյալ ունեցող համայնքապետը պետք է ձեռնարկի այս որոշումից բխող մի շարք քայլեր՝ հողատարածքները նոր սեփականատերերին վաճառելու ուղղությամբ: Նշենք, որ Գորիսի ավագանու հերթական նիստի արձանագրությունում նշված է, որ ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ մասով և մի շարք այլ օրենսդրական ակտերով՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ առուշանյանն առաջարկել է Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի /բնակավայրի/ գլխավոր հատակագծում փոփոխություններ կատարել և համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից (0.0942 հա /կադաստրային ծածկագրեր՝ 09-003-0331-0023, 09-003-0331-0021, 09-003-0331-0024, 09-003-0331-0019, 09-003-0331-0020, 09-003-0331-0018, 09-003-0331-0022, 09-003-0331-0025, 09-003-0331-0017/ արոտավայրերը /9 միավոր/ ) փոխադրել Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` «էներգետիկայի օբյեկտների հողերը գործառնական նշանակությամբ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Գորիս» 110 կՎ օդային գծի /հենասյուներ/ շինարարության համար: