Կա՞, արդյոք, Հայաստանում կոռուպցիա, թե՞ ոչ: Առաջին հայացքից անհասկանալի թվացող այս հարցին իրականում, պարզվում է, այնքան էլ հեշտ չէ պատասխանել: Համենայն դեպս` Դավիթ Հարությունյանի տրամաբանությունը, որի իսկության մասին տեղեկանում ենք նախարարի` լրագրողներին տված վերջին ճեպազրույցից, մեզ հուշում է, որ ամեն բան այնքան էլ միանշանակ չէ այս հարցում ու վերոհիշյալ հարցադրման պատասխանը կարող է կրել միանգամայն անսպասելի բնույթ:

Նոյեմբերի 30-ի Կառավարության նիստից հետո պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում այն, որ շատ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ կուտակել են մեծ հարստություններ, իսկ նրանց զավակներն էլ բավական հաջողակ բիզնեսմեններ են դարձել` Հարությունյանը, շատ լավ հասկաալով հարցի ենթատեքստն, իրեն հատուկ ոճով պատասխանել է, թե հասկանում է, որ կա հանրային բացասական ընկալում, բայց չի կարող միանշանակ համաձայնել այն հանգամանքի հետ, որ եթե ինչ-որ մի պաշտոնյայի զավակ զբաղվում է բիզնեսով և հաջողակ բիզնեսմեն է, ապա անմիջապես պետք է հեռուն գնացող հետևություններ անել. դա դեռ ոչինչ չի նշանակում: «Ոչ միայն բարձրաստիճան անձն, այլև նրա կինը, երեխաները ևս պետք է ներկայացնեն գույքի և եկամուտների հայտարարագիր: Սա է հիմնական գործիքը։ Այստեղ հեծանիվ հորինել պետք չէ։ Վտանգավոր է օգտագործել այն գործիքները, որոնք մերժված են ամբողջ աշխարհում»,- հարցին վերջակետ է դրել նախարարն ու այսպիսով երևիթե փորձել իրեն ու աշխարհին համոզել, թե որևիցե մեկից հայտարագիր պահանջելը կարող է իրական գործիք հանդիսանալ վխտացող կոռուպցիայի դեմ պայքարում:

Տեսականորեն, իհարկե, Դավիթ Հարությունյանը ճիշտ է. եթե այս կամ այն պաշտոնյայի զավակը բիզնես ունի,դա դեռ չի նշանակում,որ նա այդ բիզնեսը ձեռք է բերել ու հաջողությամբ կառավարում է հոր ունեցած լծակների շնորհիվ: Սակայն սրա հետ մեկտեղ չգիտես ինչու Հարությունյանը չի փորձում տալ այն հարցի պատասխանը,թե ինչպես, հատկապես ինչ կերպ պատահեց, որ մեր իրականությունում հաջողակներ են հռչակվում գրեթե բացառապես նրանք, ովքեր կա՛մ չինովնիկների հարազատներ են, կա՛մ էլ նախկին չինովնիկներ: Ինչո՞ւ հասարակության այլ շերտեր նույնպես չեն կարողանում հաջողակ բիզնեսմեններ դառնալ ու ասենք կամովին նպաստել պետական բյուջեի ծավալների մեծացմանը,աշխատատեղերի ստեղծմանը և այլն: Ի՞նչ է, չինովնիկների գենը հատուկ է, ի՞նչ է նրանց ԴՆԹ-ն այլ կե՞րպ է ծրագրավորված: Ակնհայտ է, չէ, որ բիզնես տաղանդներ միայն չինովնիկներն ու նրանց հարազատները չեն, որ կարող են ունենալ, պարզապես այստեղ խնդիրը սուբյեկտիվ հնարավորույթյունների մեջ է, երբ մեկն, ունենալով «թափով մեջք», կարողանում է իր` գեղեցիկ կյանքի մասին ֆանտազիաները կյանքի կոչել ու բարգավաճել, իսկ նրանք, ովքեր ճակատագրի բերումով զրկված են թափով ծանոթ-բարեկամ ունենալու երջանկությունից, ստիպված են լինում կա՛մ արտագաթել ու հայրենիքից դուրս ինքնադրսևորվել, կա՛մ բավարարվել վարձու աշխատանք կատարելով:

Տեսնես երբ Հարությունյանը փորձում է վարդագույն երանգներ հաղորդել հայաստանյան դաժան իրականությանը, չի՞ պատկերացնում, որ ճշմարտությունը գեղեցիկ ձևակերպումներով սքողելը անհեռանկարային զբաղմունք է, որ քողարկելով այն, ինչ կա` հարցին լուծում չես տա, այլ է՛լ ավելի կսրես իրավիճակն ու կտրորես այն վերքը, որն այդպես էլ չի դադարում արնահոսել: Դե իհարկե, գիտակցումէ, շատ լավ տեղյակ է ամեն ինչից, բայց դե մարդու գործն է այդպիսին` շարունակաբար արդարացնել այս անբարեհույս իրավիճակը. բա հո անգործ չի՞ մնալու…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ