Հորդանան գետի արևմտյան ափի ու Գազայի հատվածի տարբեր մասերում բախումներ են սկսվել պաղեստինցիների ու իսրայելական ուժերի միջև, հայտնում է ria.ru-ն՝ Իսրայելի պաշտպանական բանակի ներկայացուցչին հղումով:

«Ընթանում են բախումներ: Այժմ փորձում ենք պարզել մանրամասները»,-ասել է աղբյուրը:

Պաղեստինյան Ռամալլահ քաղաքի բնակիչներից մեկը ria.ru-ի հետ զրույցում հայտնել է, որ քաղաքում ու Պաղեստինի մյուս տարածքներում համընդհանուր գործադուլ է անցկացվում: Իսրայելական հսկիչ-անցագրային կետերի մոտ կառուցվում են բարիկադներ, մարդիկ այրում են մեքենաների անիվները:

Աղբյուրը նշում է, որ համընդհանուր գործադուլի շրջանակում փակվել են դպրոցները, կրթական այլ հաստատություններ, խանութներ:

Պաղեստինյան իշխանությունները կոչ են արել քաղաքացիներին կազմակերպել բողոքի ակցիաներ, որպեսզի իրենց ձայնը հասնի միջազգային հանրությանը:

Հայտնի է, որ Իսրայելի պաշտպանության բանակը մի քանի լրացուցիչ գումարտակ, ինչպես նաև՝ հետախուզական և տարածքի պաշտպանության ստորաբաժանումներ է ուղարկում Հորդանան գետի արևմտյան ափ: