Օրերս ԱՎԾ կողմից հրապարակված ցուցանիշները, որոնք մոտավոր պատկերացում են տալիս Հայաստանում մոլեգնող աղքատության մակարդակի վերաբերյալ, բավական լուրջ մտահոգությունների տեղիք են տվել, ինչն, ըստ էության, պայմանավորված է նաև թանկացումների այն ալիքով, որը հանգեցրել է առաջին անհրաժեշտության ապրանքների գների թռիչքաձև բարձրացմանը:
Իշխանությունների, իսկ ավելի ճիշտ` դրա հանրապետական մասի արձագանքը ստեղծված իրավիճակին, պետք է նկատել, բացարձակապես ոչ ադեկվատ տպավորություն է թողել ոչ միայն ընդդիմադիր հայացքներ ունեցողների մոտ: Եթե նույնիսկ դուք երդվյալ իշխանասեր եք ու Հանրապետականին այլընտրանք ի սկզբանե ո՛չ տեսել ու ո՛չ էլ փնտրում եք, չեք կարող չհամաձայնել, որ ՀՀԿ-ական պատգամավորների հարցազրույցները, որոնցից մի քանիսն արդեն իսկ հասցրել են համացանցային հիթի վերածվել, ոչ մի կերպ սթափ մտածողության արդյունք չեն կարող համարվել. միայն ժողովրդի հանդեպ Հակոբ Հակոբյանի կողմից դրսևորվող անթաքույց առհամարհանքը բավական է, որպեսզի պարզ դառնա` էլիտան խոշոր հաշվով թքած ունի, թե հասարակ ժողովուրդն ինչպես կկարողանա այսուհետ ևս, այս անմարդկային պայմաններում գոյություն քարշ տալ:
Պարզվում է, սակայն, միայն վերոհիշյալ անձը չէ, որ կարողանում է ապշանք հարուցող հարցազրույցներով հանդես գալ. նրանից հետ չի մնում նաև երդվյալ հանրապետական, համակարգին հավատարմորեն ծառայող ու ՀՀԿ-ի հարազատ զավակը համարվող Սամվել Նիկոյանն, ով, իր վերջին հարցազրույցում խոսելով արտագաղթի, երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական վիճակի մասին, հավաստիացրել է, թե Հայստանից նկատվող արտագաղթի հիմնական պատճառն ամենևին էլ սոցիալական վատ վիճակը չէ. արտրագաղթին նպաստող այլ կարևոր գործոններ ևս առկա են:Ինչ վերաբերում է անկառավարելի դարձած գնաճին, ապա բանախոսը դրանում ոչ մի արտասովոր բան չի նշմարել` բացատրելով իրավիճակը միջազգային շուկաներում ստեղծված իրավիճակով, հավաստիացրել, որ իրենք իրավիճակին լիովին տիրապետում են:
Նմանատիպ հարցազրույցները մարդկանց մոտ անխուսափելիորեն մի շատ բնական հարցադրման առիթ են տալիս. ո՞րն է նմանբովանդակ հարցազրուցներ տալու նպատակը: Ի՞նչ իմաստ ունի ջայլամային այն կեցվածքը, որը շարունակաբար դրսևորվում է հատկապես որոշ ՀՀԿ-ական պատգամավորների կողմից` նրանց, որոնց քաղաքական առաքելությունը գեթ մեկն է` ամեն գնով արդարացնել սեփական կուսակցության անհաջողություններն ու երկիրը տապալող քաղաքականությունը: Ուրիշ ոչնչով հանրությանը հայտնի այս դեպքերը պարզապես չեն զբաղվում: Մինչդեռ արժեր: Եթե ամեն բան գտնվում է իշխանությունների վերահսկողության տակ, ապա ինչո՞ւ է երկրի վիճակն այսքան վատ: Ինչու է հացի սպառումն ամիս առ ամիս նվազում, իսկ աշխատատեղերն էլ` միայն կրճատվում: Միգուցե այս ամենի պատճառը հենց այն է, որ վերահսկիչը ՀՀԿ-ն է, միգուցե եթե այլոք վերահսկեին իրավիճակն, այն այսքան խայտառակ չլինե՞ր: Կամ եթե ասվում է, որ աղքատությանը զուգահեռ այլ գործոններ ևս կան, որոնք արտագաղթի են հանգեցնում, ապա ինչո՞ւ չի ասվում, թե որոնք են դրանք, և կամ ինչ է անում իշխանությունը գոնե դրանք վերացնելու համար: Ակհայտ է, չէ՞, որ մարդկանց գլխի տակ փափուկ բարձ դնելով ու փիառ ակցիաներով երկիրն այս անդունդից դուրս չի գա ու ոչ միայն դուրս չի գա, այլև իրավիճակն է՛լ ավելի կխորանա, քանի որ փոխարենը սեփական սխալները շտկելու` որոշ ՀՀԿ-ականաններ զբաղված են ընդամենը մեկ բանով` մարդկանց հիմարի տեղ դնելով` մոռանալով, որ Հայստանում վաղուց ապուշներ չեն ապրում, ու նույնիսկ շարքային տաքսիսիտներին է հայտնի, թե ինչ է իրականում կատարվում:
Նրանք, ովքեր մի քանի ՀՀԿ-ական պատգամավորների ուսերին դրել են, կուակցության պատիվն իբր բարձր պահելու «վեհ» առաքելությունը, պետք է մի բան լավ իմանան. նման կերպ ոչ թե փրկում են ՀՀԿ-ի սասանված հեղինակությունն, այլ այն է՛լ ավելի են վարկաբեկում, ակամա բացահայտում այն առհամարհանքը որով էլիտաները վերաբերվում են ժողովրդին, մարդկանց հուզող խնդիրներին: Հետևաբար` խորհուրդ համապատսխաններին` դադարե՛ք կասկածելի բովանդակությամբ հարցազրույցներ տալ ու ԶԼՄ-ներին ու անիմաստ կրկնաբանությամբ մի զբաղվեք. ներվեր չունենք…
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ