ՎՊ-ն, ի թիվս մի քանի նախարարությունների, 2018թ.-ին ստուգումներ է անցկացնելու նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում: Եւ սա այն դեպքում, երբ նույն այդ նախարարությունում պալատը ստուգումներ անցկացրել է նաեւ այս տարի: Պարզապես 2017թ.-ին պալատն այդ նախարարությունում ստուգումներ է անցկացրել միայն հաշմանդամներին պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով, վերականգնման, տեխնիկական միջոցներով, սայլակներով եւ լսողական սարքերով ապահովելու գծով: Հավանաբար այնպիսի փաստեր են ի հայտ եկել, որ որոշվել է ՀՀԿ-ական Արտեմ Ասատրյանի ղեկավարած կառույցում համալիր ստուգումներ անել: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության շուրջ աղմուկը չի դադարում:
 
ՀՀԿ-ական Արտեմ Ասատրյանի ղեկավարած ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն, իր ստորաբաժանումներով հանդերձ, արդեն տեւական ժամանակ է, ինչ հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: 2016թ. տարեվերջին ԱԱԾ-ն այս նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում կաշառակերության լուրջ մեխանիզմ էր բացահայտել, որի շրջանակներում կալանավորվել էր 2 անձ, եւս մի քանիսը՝ ձերբակալվել:
 
Իսկ արդեն 2017 թվականի հունվարի վերջերին դատախազությունում քրեական գործ էր հարուցվել նախարարության ենթակայության տակ գտնվող «Երեւանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ում կատարված ուսումնասիրությամբ բացահայտված փաստերի վերաբերյալ, երբ պարզվել էր` առանց անհրաժեշտության լրացուցիչ աշխատողներ են ընդունել, որոնց աշխատավարձ է վճարվել, եւ բացի այդ` մահացած կամ տուն-ինտերնատից դուրս գրված անձանց անվան տակ շարունակվել է բյուջեից գումարների ստացումը: Այն, որ այս փաստերը ոչ մի կերպ չեն կարող կասկածի տակ առնվել, ակնհայտ է. այս մասին գիտեն բոլորը, ու գիտեն հատկապես նրանք, ովքեր այս կամ այն կերպ առնչվում են Ասատրյանի նախարարության հետ: Ցավոք, միայն հաշմանդամները չեն, որ ենթարկվում են անխնա «քերման»:
 
Ցավոք, ստիպված ենք արձանագրել, որ բազում նմանատիպ հրապարակումներն ու աղաղակող փաստերի մասին խոսող ուսումնասիրություններն ու բացահայտումները որևիցե կերպ չեն անդրադառնում այս նախարարության գործելաոճի վրա. ոչինչ այս իմաստով տարիների ընթացքում այդպես էլ չի փոխվում: Ու սրա պատճառը, թերևս, ոչ միայն Արտեմ Ասատրյան անձի մեջ է թաքնված, այլև համակարգի` ընդհանրապես, քանզի եթե Ասատրյանը փոքր-ինչ կասկածեր, որ կարող է պատասխանատվության ենթարկվել իր կողմից թույլ տրվող չարաշահումների ու բացթողումների համար, երբեք նման ծանր բեռի տակ չէր մտնի: Հետևաբար, հարցի լուծումը շատ ավելի խորքային է, քան առաջին հայացքից կարելի է պատկերացնել. համակարգը վաղուց ժանգոտված է…
 
Ստելլա Խաչատրյան