Ազգային ժողովում այսօր լրագրողները ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանից հարցրին վերջինիս կարծիքը՝ Հայկազ Բաղմանյանի ազատման մասին: 

Սարոյանը նշեց, որ Բաղմանյանի հեռացումը պայմանավորված է նրանով, որ նախարար Սարգսյանը երիտասարդ կադրեր է բերում, և Սարոյանն ինքը տեղյակ չէ, թե այդ որ հրահանգը չկատարելու համար է Բաղմանյանն ազատվել աշխատանքից. «Ինչքան գիտեմ՝ Մոսկվա ա գնում: Ավելի շուտ էր ուզում դուրս գալ»:

Դիտարկմանը, որ Հայկազ Բաղմանյանը հայտնվեց մամուլի ուշադրության կենտրոնում՝ իր կուտակած հարստության պատճառով, Սեյրան Սարոյանը հակադարձեց. «Իսկ ո՞վ ա ասում, որ հարստացել ա, ինչո՞վ  ա հարստացել Հայկազ Բաղմանյանը: Գեներալին որտեղի՞ց հարստություն, բանակում նա ո՞նց պետք է հարստանար: Մարդիկ տեսել են, որ գողություն չենք անում, օգնել են: Թե չէ՝ էս լրագրողը, որ երեկվա երեխեն ա, եկել ա Բաղմանյան Հայկազին խայտառակ ա ուզում անի, չի կարելի»:

Լրագրողները Սարոյանին հիշեցրին Բաղմանյանի թանկարժեք մեքենաների, գազալցակայանների և այլնի մասին: Սարոյանը սրան ևս հակադարձեց՝ նշելով. «Էդ շքեղ մեքենան էլ ես գիտեմ. Մոսկվայի Ալիկն ա նվեր տվել, մենք խի ընկերություն չունե՞նք, շրջապատ չունե՞նք, բա մեր ընկերությունն ինչի՞ համար է»:

 Սարոյանը նշեց, որ ինքն ուրախ է տեսնել այնպիսի գեներալների, ովքեր կողքից կարողանում են հարստանալ. «Այդպիսի գեներալները զինվորի հացին երբեք չեն կպնի»:

Սեյրան Սարոյանից լրագրողները նաև հետաքրքվեցին՝ ի՞նչ հարաբերությունների մեջ է վերջինս նախկին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Հարցին ի պատասխան՝ նա նշեց, որ  շարունակում է շփվել նախկին ՊՆ Սեյրան Օհանյանի հետ, որովհետև, եթե իրենց քաղաքական հայացքները չեն համընկնում, դա դեռ չի նշանակում, որ պետք է վերջ տան նաև ընկերությանը:

Դիտարկմանը, որ  Սեյրան Օհանյանի անունն այս օրերին փորձ են անում կապել Նորքի զինված խմբի հետ,  պատգամավորը պատասխանեց, «Ամոթ ա, ա՛յ մարդ, Սեյրանը տենց բան չի անի, էտի նույն բանն ա՝ ոնց որ մարդը զենքը վերցնի, գնա իրա երեխի դեմ»: