ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 15-ին ընդունեց Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU, ՀՄՄ) ռադիոկապի գրասենյակի տնօրեն Ֆրանսուա Ռանսիին: Հանդիպմանը ներկա էին նաև նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը և նախարարի' հասարակական հիմունքներով խորհրդական Ալբերտ Նալբանդյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Ֆրանսուա Ռանսին Հայաստանում է Սպեկտրի կառավարման հարցերով տարածաշրջանային համագումարի և «Ռադիոկապի ռեգլամենտի գործնական օգտագործում» ՀՄՄ տարածաշրջանային սեմինարի աշխատանքներին մասնակցելու համար:
Ամփոփելով Երևանում անցկացված երկու միջոցառումները՝ Ֆրանսուա Ռանսին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և միության աշխատանքներին ակտիվ մասնակցության համար:
Նախարարը նույնպես երախտագիտություն հայտնեց արդյունավետ համագործակցության համար' հավաստիացնելով, որ Հայաստանն այսուհետ ևս աջակցելու է միության նախաձեռնություններին և որպես ՀՄՄ անդամ - պետություն՝ մշտապես կառուցողական դերում է հանդես գալու:
Վահան Մարտիրոսյանը նշեց, որ ռադիոհաճախականային սպեկտրի կարգավորման գործընթացը չափազանց կարևոր է մեր երկրի համար' հաշվի առնելով տարածաշրջանի առանձնահատկությունները, հարևան երկրների հետ այս ոլորտում ճիշտ փոխհարաբերություններ հաստատելու անհրաժեշտությունը:
ՀՄՄ ռադիոկապի գրասենյակի տնօրեն Ֆրանսուա Ռանսին իր հերթին առաջնային համարեց միության անդամ-երկրների համաձայնեցված մոտեցումը' սպեկտրի կառավարման և օգտագործման կանոնակարգման գործում:
Նախարարն առաջարկեց 2018թ-ին նախատեսվող ՀՄՄ մի շարք միջոցառումներ կազմակերպել և անցկացնել Հայաստանում, որը համաձայնությամբ ընդունվեց: