Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ջասիմ Մուհամադ ալ Կասիմին դեկտեմբերի 13-ին հյուրընկալվել էր Կողբի Բագրատ Սահակյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում, որտեղ դեսպանությունն 2017թ. ընթացքում իրականացրել էր շինարարական աշխատանքներ:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին դեսպանությունից, դեսպանության կողմից անարձագանք չէր մնացել դպրոցի՝ ամիսներ առաջ հղած դիմում-խնդրանքը: Եվ նրանք նախաձեռնել էին դասասենյակների պատուհանների և դռների մասնակի (24 պատուհան, մուտքի 3 դուռ, դասասենյակի 23 դուռ) փոխարինում նորերով:
Աշխատանքներն իրականացվեցին Շարժայի բարեգործական ասոցիացիայի և ԱՄԷ Արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության աջակցությամբ:
Մարդասիրական այդ քայլը արժևորելով' դպրոցը սիրով և մեծ պատասխանատվությամբ նախապատրաստվեց դեսպանի հետ հանդիպմանը:
Ձմեռային անսպասելի արևոտ օրը ավելի ջերմացավ բարության ու մարդասիրության մթնոլորտում, որն ամրապնդեց մեծ բարեկամության հիմքերը:
Հարգարժան հյուրի հետ հանդիպմանը ներկա էին ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ, հյուրեր: Միջոցառման մասնակիցների երախտագիտության խոսքերն ուղեկցվում էին ազգային երգ ու պարով:
Հուզիչ և խոստումնալից էր դեսպանի խոսքը: Հանդիպման ավարտին նա շրջայց կատարեց դպրոցում՝ ավելի մոտիկից ծանոթանալով մանկավարժների, ծնողների և երեխաների հետ:
Այցը ևս մի անգամ հավաստում է, որ բարեգործությունն ու սրտացավությունը սահմաններ ու դավանանք չեն ճանաչում: