«Քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում հանրային քաղաքականության օրակարգի ձևավորման և հաշվետու կառավարումն ապահովելու մեջ» թեմայով այսօր կազմակերպված քննարկմանը ներկա էին ՀՀ Ազգային Ժողովի, Կառավարության, Մարդու իրավունքների պաշտպանի, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Իր ելույթում ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտոր Սվիտալսկին, անդրադառանալով մեր երկրում քաղհասարակության ակտիվ դերակատարմանը, նշեց, որ ԵՄ-ն այսուհետ ավելացնելու է նրանց հատկացվող ֆինանսական միջոցները. «Եվրամիությունը 20-25%-ով կավելացնի ֆինանսական աջակցությունը Հայաստանի զարգացման ծրագրերին: Եվ այս աջակցության 15%-ն ուղղված է լինելու քաղհասարակության ոլորտի ծրագրերի իրականացմանը և զարգացմանը: Մենք ցանկանում ենք շարունակել այն նոր փիլիսոփայությունը, որը գործադրում ենք քաղհասարակության զարգացման աջակցության շրջանակներում՝ Հայաստանում: Հիմնական բաղադրիչն, առաջին հերթին, ենթադրամաշնորհների հետ աշխատանքը»,-ասաց ԵՄ ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Ըստ դեսպանի՝ ԵՄ-ը մեծ ֆինանսական ծրագրեր է իրականացրել և իրականացնում Հայաստանում, որոնք իրենք բաժանել են մասերի, որպեսզի դրանց վերահսկողությունն ու աշխատանքը քաղհասարակության մեր գործընկերների հետ հեշտանա և ենթադրամաշնորհների գաղափարախոսությունը ավելի հեշտ իրականացվի:
Պյոտր Սվիտալսկին քաղհասարակության ակտիվացման համար կարևորեց հատկապես նրանց ակտիվությունը Երևանից դուրս՝ մարզերում. «Գալիք շաբաթների ընթացքում մենք դրամաշնորհ կստորագրենք, որը ենթադրում է քաղաքացիական մասնակցային բյուջետային ծրագրերի իրականացում՝ հեռավոր համայնքներում: Մենք ցանկանում ենք պրակտիկ կերպով ցույց տալ այն հաջողված փորձը, որ տեղի է ունեցել ԵՄ-ում, երբ համայնքները սեփական միջոցներով, որոշել են, թե փողն ինչպես պետք է ծախսվի, ուր պետք է գնա: Այժմ մենք քննարկում ենք դա, ցանկանում ենք այս պիլոտային ծրագիրը մշակել և իրականացնել, առաջին հերթին՝ մեծ համայնքներում»,-ասաց դեսպանը:
Անդրադառնալով վերջերս ստորագրված Հայաստան-ԵՄ համաձայնագրին, դեսպանը նշեց, որ պետք չէ բավարարվել այդ համաձայնագրի ստորագրումով՝ կարևորելով նաև համաձայնագրով պարտավորություններ ստանձնած կառույցների ակտիվ մասնակցությունը: «Չենք կարող գոհանալ այն արդյունքներից, որոնց հասել ենք, շատ ավելի շոշափելի արդյունքների կհասնենք՝ համագործակցելով ՀՀ կառավարության հետ և լուծելով Հայաստանի համար ամենահրատապ խնդիրները»,-ասաց Հայաստանում Եվրամիության ղեկավարը: