ՀՀ Ազգային ժողովում այսօր շարունակում է Կառավարության նախաձեռնությամբ գումարած արտահերթ նիստը:
Առաջին ընթերցմամբ պատգամավորները քվեարկվեցին «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և այլն նախագծերը:
Արա Բաբլոյանը նշեց, որ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվում է 98 կողմ ձայնով՝ հայտարարելով, որ նիստից բացակայող Արփինե Հովհաննիսյանը կողմ է այս նախագծին:
ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն ԱԺ նախագահից հետաքրքրվեց՝ այդ ինչպե՞ս կարող էր ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կողմ քվեարկել այս օրենքի նախագծի փաթեթին, եթե նա Հայաստանում չի գտնվում և բացակայում է այս արտահերթ քննարկումներից:
Արա Բաբլոյանը հարցին ի պատասխան նշեց. «Էլեկտրոնային տարբերակով երևի, կամ գրավոր ա ուղարկել, հիմա հարցնենք»:
Արտակ Զեյնալյանը պահանջեց հրապարակել փոխնախագահի էլեկտրոնային ստորագրությամբ նամակը:
Զեյնալյանի այս պահանջը հունից հանեց Արա Բաբլոյանին: Վերջինս նշեց, որ պարտավոր չէ ունենալ այդ նամակն, ինքն ընդամենը քարտուղարությունից ստացել է նման տեղեկատվություն:
Բաբլոյանի այս պատասխանը չբավարարեց Արտակ Զեյնալյանին: Նա շարունակեց նշել, որ ըստ ԱԺ կանոնակարգի, որևէ մեկը չպետք է քվեարկությունից առաջ իմանա՝ ինչպես է պատգամավորը քվեարկելու և այդ արդյունքները գաղտնի պետք է պահվեն քվեարկությունից առաջ:
«Այդ քվեարկությունը Օսկարի նման է, մենք չպետք է իմանանք, նա ինչպես է քվեարկելու»:
Բանավեճից հետո հարցը դրվեց քվեարկության և անցավ 98 կողմ ձայնով:
Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ Արփինե Հովհաննիսյանի կողմից ուղարկված նամակն էլեկտրոնային ստորագրություն չունի, հետևաբար, այն անվավեր է և պահանջեց նորից անցկացնել քվեարկություն, ինչն Արա Բաբլոյանը մերժեց:
Նշենք, որ ողջ քվեարկության ընթացքում ԵԼՔ-ը բոյկոտում էր քվեարկությունը: