Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը: Օրենսդրական փաթեթով նպաստավոր պայմաններ են ստեղծվում էներգետիկայի ոլորտի ինքնավար արտադրողների համար: Փաթեթին միաձայն կողմ քվեարկեց 61 պատգամավոր:
Օրինագծով առաջարկվող փոփոխությունները միտված են էներգետիկայի բնագավառում ինքնավար արտադրողների գործունեության իրականացման վարչարարության պարզեցմանը և գործող մեխանիզմների կատարելագործմանը:
ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգում նվազագույն սակագները ապահովելու համար առաջարկվում է սահմանել, որ տարվա արդյունքներով արևային էլեկտրակայանների կողմից հատուցման ոչ ենթակա էլեկտրաէներգիայի ծավալից ավելի առաքված էլեկտրական էներգիան բաշխման լիցենզիա ունեցող անձը ձեռք է բերում հանձնաժողովի կողմից արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայանների համար սահմանված գործող սակագներից ամենացածր սակագնին հավասար' վերոհիշյալ 50 տոկոսի չափից ցածր լինելու դեպքում:
Առաջարկվում է նաև ամրագրել, որ արևային էներգիայի կիրառմամբ ինքնավար էներգաարտադրողների տեղակայանքների թույլատրելի դրվածքային հզորությունը մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը կարող է հասնել էլեկտրական էներգիայի իրենց սպառիչների տեղակայված ընդհանուր հզորությանը, բայց ոչ ավելի, քան 500 կվտ-ն: Այդպիսով, հնարավորություն կընձեռեն էլեկտրական էներգիայի խոշոր սպառում ունեցող տնտեսություն վարող սուբյեկտներին իրականացնելու ինքնավար էներգաարտադրողի գործառույթներ: Միևնույն ժամանակ առաջարկվում է առավելագույնը 150 կվտ դրվածքային հզորությամբ սահմանափակումը թողնել անփոփոխ ֆիզիկական անձանց համար: