Արևային էներգետիկայի բնագավառում Հայաստանի ունեցած ձեռքբերումների, զարգացման հեռանկարների և վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումային հնարավորությունների մասին ԼՈւՐԵՐ.com-ը զրուցեց «Արփի Սոլար» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Չոբանյանի հետ:
-Պարո՛ն Չոբանյան, ինչպիսի՞նն էր 2017 թվականը արևային էներգետիկայի ոլորտում Հայաստանում իրականացված ծրագրերի տեսանկյունից։
-2017 թ. արևային էներգետիկայի ոլորտում բեկումնային տարի էր այն առումով, որ տարվա ընթացքում իրականացվող ծրագրերի և նախագծերի քանակն անընդհատ աճում էր, իսկ կատարված աշխատանքի որակական արդյունքներն էլ ավելի էին մեծանում: Այստեղ կարևոր է փաստել, որ շուկայում կա ընկերություն, որն ագրեսիվ աշխատանք է իրականացնում արևային էներգետիկայի օգտագործման մշակույթի ձևավորման ուղղությամբ: Մենք մեծ աշխատանք ենք տանում նաև մարքեթինգային և բացատրական ուղղություններով, որպեսզի հասարակությունը վստահություն ունենա այս նոր տեխնոլոգիաների նկատմամբ: Ժամանակ է պետք, որպեզի մարդիկ գիտակցեն, թե ի՞նչ են ստանում իրենք, ի՞նչ է ստանում պետությունն ու էկոհամակարգը արևային էներգետիկայի կիրառմամբ: Ցուցանիշներն, իսկապես, բարձր են, իսկ դրանց տարածման, քաղաքացուն դա ընկալելի դարձնելու համար ժամանակ է պետք:
-Արևային էներգետիկայի զարգացման համար պետության մշակած ընթացակարգերը բավարա՞ր են ոլորտի զարգացման համար:
-Տարին ամփոփվեց մի կարևոր ընթացակարգով, որը վերաբերում է ցանցային հաշվառմանը: Սա հնավորություն է տալիս բիզնես ծրագրեր իրականացնելու համար կառուցել 500 ԿՎտ հզորության կայաններ: Սա հեղափոխական նորություն է, իսկ այս ընթացակարգի երկրորդ մասն ավելի հեղափոխական է, ըստ որի, հնարավորություն է տրվում ամռանը կուտակած էներգիան օգտագործել ձմռանը, իսկ, այս պարագայում, ցանցն անվճար կուտակում է այդ էներգիան: Այսինքին, եթե տարվա սկզբին մենք կարող էինք 150 ԿՎտ հզորության կայան կառուցել, հիմա տրված է հնարավորություն այդ թիվը եռապատկելու բիզնեսի զարգացման համար:
-Հայաստանի էկոմիջավայրն ամենաշատն ի՞նչ հզորության կայաններ կառուցելու հնարավորություն է տալիս:
-Սրանից մեկուկես ամիս առաջ Հայաստանում կառուցվեց ամենամեծ՝ 1 ՄՎտ հզորությամբ «Թալին-1» արևային կայանը, սա դեռ ամենամեծն է, բայց երեկ Կառավարությունը հաստատեց 55 ՄՎտ հզորությամբ արևային կայան կառուցելու մրցութային փաթեթը, որը կառուցվելու է Մասրիկ գյուղի մոտակայքում:
-Կայանների տեղակայման տարածքներն ի՞նչ չափորոշիչներով են ընտրվում:
-Առաջինը հաշվի է առնվում արևի ինտեսիվությունը, այս առումով լավագույն տարածքներն Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերն են: Մյուս կարևոր հանգամանքը ՀԷՑ-ի կողմից կայանների արտադրած էներգիայի ձեռքբերման տեխնիկական հնարավորությունն է:
-Վերականգնվող էներգետիկայի ոլորտը որքանո՞վ է հեռանկարային ներդրողների համար:
-Իմ գնահատմամբ՝ 2018 թ. արևային էներգետիայի ոլորտում ներդրումային առումով կարող է լինել ամենագրավիչն ու համար մեկը, որովհետև այն ծրագրերը, որոնք պետք է իրականացվեն 1-2 տարվա ընթացքում արժենում են 100-ավոր միլիոններ են, որոնք ՀՀ-ի ներդրումային միջավայրում ծանրակշիռ տեղ ունեն: Նշեմ, որ ներդրումների համար կարևոր է նաև սակագնի չափը, որը սահմանվում է կայանների համար: Թեև հայտարարություն է եղել 25 դրամի մասին, բայց հույյ ունեմ, որ սակագինն ավելի կբարձրանա:
-Արևային էներգետիկայի զարգացումը կարո՞ղ է նվազեցնել ՀԷԿ-երի և ՋԷԿ-ի կողմից արտադրվող էներգիայի պահանջարկը:
-ՀԷԿ-երը սեփական վերականգնվող ռեսուրս ունեն, վերականգնվող էներգիան են արդտադրում և ես ՀԵԿ-երի գոյությանը շատ նորմալ են վերաբերում, այլ բան է, եթե դրանք վնաս են հասցնում բնությանը, այդ հարցին պետք է այլ կերպ լուծում տալ: Պատկերն այլ է, սակայն, ՋԷԿ-երի պարագայում: ՋԷԿ-երն աշխատում են թանկ գնված գազով, որի համար էլ շատ թանկ է նաև վաճառվող էներգիայի սակագինը:
Հարցազրույցն՝ Աղավնի Սուքիասյանի