«Գրանդ Քենդի» ընկերությունը հրուշակեղեն և կոնֆետներ ներկրող «Արամ Արաքսյա Դավթյաններ» ընկերությանը թույլ չի տալիս վաճառել ներկրված «Պանդա» տեսակի կոնֆետները: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց ընկերության հիմնադիր Անդրանիկ Դավթյանը՝ նշելով, որ«Գրանդ Քենդի»-ն անօրինաբար խոչընդոտում է շուկայում վաճառել իրենց ապրանքը՝ պնդելով, որ հանդիսանում է «Պանդա»-ի տեսքով ապրանքային նշանների իրավատերը:
««Գրանդ Քենդի»-ն, Հայաստանում արտադրելիս, պատրաստի ապրանքը գրանցել է մտավոր սեփականության գործակալությունում՝ որպես ապրանքային նշան: Այս տարվանից մենք սկսեցինք ներկրել նույնատիպ ապրանքատեսակ: «Գրանդ Քենդի» ընկերությունը հոկտեմբերի 25-ին դիմել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով և պահանջել, որ մեզ ճանաչեն անբարեխիղճ տնտեսվարող, քանի որ Հայաստանի տարածքի տարբեր վաճառակետերում հայտնաբերվել են իրենց ապրանքային նշանին շփոթության աստիճանի նման նշաններով ներմուծված ապրանքներ: Իրենք փաստորեն վաճառվող ապրանքն են գրանցել որպես ապրանքային նշան, իսկ օրենքի մեջ հստակ առանձնացած է ապրանք և ապրանքային նշան հասկացությունները»,- ասաց Դավթյանը՝ ավելացնելով, որ «Գրանդ Քենդի»-ն պահանջում է ՏՄՊՊՀ-ից, որ իրենց արգելեն այդ կոնֆետները վաճառել:
Դավթյանն ընդգծեց՝ «Գրանդ Քենդի»-ն, իր գերիշխող դիրքը չարաշահելով՝ խանութներին սպառնում է, որ եթե իր ապրանքը չվերցնեն՝ «Գրանդ Տոբակո»-ն ծխախոտ չի մատակարարի:
Մենք փոքրիկ ուսումնասիրություն անցկացրինք՝ պարզելու՝ արդյոք կա՞ նման բան, թե՝ ոչ: Պարզվեց՝ այն խանութներում, որտեղ առկա էին «Արամ Արաքսյա Դավթյաններ» ընկերության «Պանդա» տեսակի կոնֆետները, բացակայում էին «Գրանդ Քենդի»-ի նմանատիպ կոնֆետները և հակառակը, բացի այդ՝ խանութները չեն ստանում նաև «Գրանդ Տոբակո»ընկերության ծխախոտներ: Կարող ենք ենթադրել, որ իսկապես «Գրանդ Քենդի»-ն հստակ քայլեր է ձեռնարկում՝ մրցակցին չեզոքացնելու ուղղությամբ:
«Արամ Արաքսյա Դավթյաններ» ընկերության հիմնադիրը նշեց, որ իրենք «Պանդա» տեսակի կոնֆետները սկսել են ներկրել այս տարվա հոկտեմբերից: Այն հանդիսանում է ռուսական «Շոկոլենդ»-ի պաշտոնական ներկայացուցիչը, որը «Շոկոպանդա» անվանումով կոնֆետներ արտադրում է 2014-ից և կան այդ մասին վկայող փաստաթղթեր: Իսկ հոկտեմբերի 27-ին «Արամ և Արաքսյա Դավթյաններ» ընկերությունը ևս դիմել է ՏՄՊՊՀ և պահանջել ուսումնասիրություն կատարել շուկայում:
Նշենք, որ «Գրանդ Քենդի» ընկերությունը մտավոր սեփականության գործակալությունում «Պանդա» ապրանքային նշանը գրանցել է 2016-2017 թթ.:
Անդրանիկ Դավթյանի խոսքով՝ սա մտավոր սեփականության գործակալության անփութության հետևանք է, քանի որ գործակալությունը ուսումնասիրություն և հետազոտություն չի կատարել: Ըստ Դավթյանի՝ «Գրանդ Քենդի»-ն և մտավոր սեփականության գործակալությունը համատեղ աշխատում են, որպեսզի ոչ ոք չկարողանա վաճառքով զբաղվել: Ինչպես նշեց Դավթյանը՝ «Պանդա»-ի տեսքով կոնֆետներն ամբողջ աշխարհում հայտնի են և 2010 թվականից կան Չինաստանում, Ռուսաստանում, Ճապոնիայում։
Դավթյանը տեղեկացրեց՝ ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրության արդյունքները դեռևս չկան, և առաջիկայում, որոշումը կներկայացնելուց հետո, իրենք կդիմեն դատարան:
Սոնա Հարությունյան