Ասում է «Հայաստանի հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանը
- ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն օրերս ոչ իշխանական երեք ուժերին' Հայ Հեղափոխական դաշնակցությանը, «Բարգավաճ Հայաստանին», «Ժառանգությանը» և Հայ ազգային կոնգրեսին, կոչ է արել մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել միասնաբար: Նման կոչ արել էր նաև ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Որքանո՞վ եք հավանական համարում այս միավորումը:
- Ինչ-որ տեղ հասկանալի է, որ փորձ է արվում թեկուզ հռչակագրային մակարդակով գաղափարապես լրիվ իրար հակադեմ, ընդդիմադիր ուժերի համախմբումն ընտրություններից առաջ: Քաղաքակիրթ երկրների համար դա անհասկանալի է, թե ինչպես կարող են գաղափարապես տարբեր ուժերը համախմբվել, բայց Հայաստանի քաղաքական դաշտում դա բացատրելի է. ժողովուրդը ցանկանում է տեսնել ընդդիմության միասնությունը' առանց խորանալու նրանց տարբերությունների մեջ: Նրանք էլ զգում են, որ այդպիսով կարող են որոշակի հաջողության հասնել: Ես ձեռնպահ եմ հիմա մնում ասել, կհաջողվի՞ դա, թե՞ ոչ, բայց մի փոքր կասկածում եմ: Եթե բանակցությունները սկսեն, հիմնական խնդիրը կառաջանա, թե ով է գլխավորելու ցուցակը, ով է իսկական ընդդիմությունը, որ իսկական ընդդիմությունից քանի հոգի է լինելու ցուցակում, և այդ բանակցությունները քիչ հավանական է, որ արդյունք տան: Հետո ամեն մեկը կսկսի մեղքը բարդել մյուսների վրա: Նախ' առաջին կոչն արել է Դաշնակցությունը, ինչո՞ւ մյուսը չի միացել այս կոչին, ինքն էլ իր հերթին է կոչ արել: Սա արդեն ցույց է տալիս, որ նախաձեռնություն վերցնելու խնդիր էլ կա այստեղ: Չի բացառվում, որ ես սխալվեմ, բայց հաշվի առնելով վերջին տարիների սցենարները, ձախողումն եմ հավանական համարում:
- Այսինքն' սրանք ֆորմալ հայտարարություննե՞ր են՝ ընդդիմադիր կեցվածքը պահպանելու համար:
- Այդպես խիստ ես չէի ասի, որովհետև գուցե ինչ-որ մարդկանց մեջ կա անկեղծ ցանկություն, բայց, ի վերջո, այդ ցանկությունը նյութական կդառնա ղեկավարների բանակցությունների արդյունքում:
- Երևանի ավագանու ընտրություններն իսկապես այդքան կարևորվո՞ւմ են քաղաքական ուժերի կողմից' նման միասնությամբ հանդես գալու համար:
- 2005թ.-ի սահմանադրական փոփոխությունից հետո Երևանի քաղաքապետի ընտրությունները դարձան լուրջ քաղաքական գործոն, և, եթե այդտեղ ընդդիմությունը հաջողության կարողանար հասնել, ապա դա լուրջ հակակշիռ կլիներ իշխանություններին: Բայց, ինչպես միշտ, իշխող կուսակցությունն օգտագործեց իր բոլոր լծակները, հաջողության հասավ, և սպասելիքները, թե անկախ քաղաքապետարան մենք կունենանք, հօդս ցնդեցին: Շատ կարևոր մի խնդիր կա. արդյո՞ք մեր հասարակությունը գիտակցում է այդ սահմանադրական փոփոխությունների կարևորությունը, թե՞ կարծում է, որ փոփոխություններ հնարավոր են միայն նախագահի միջոցով: Իմ կարծիքով, այդ գիտակցությունը դեռ չկա: Իսկ ընդդիմադիր քաղաքական ուժերի աշխուժությունը, իմ կարծիքով, պայմանավորված է Րաֆֆի Հովհաննիսյանի հաջողության ալիքով: Եթե բոլորի կանխատեսումներն արդարանային, թե Սերժ Սարգսյանը հանգիստ հաղթանակ է տանելու, Րաֆֆի Հովհաննիսյանն էլ հավաքելու է առավելագույնը 20 տոկոս, այդ պարագայում դժվար է ասել' արդյո՞ք այս հետաքրքրությունը կլիներ քաղաքապետի ընտրության նկատմամբ: Ինձ թվում է' հետաքրքրությունն առաջացել է հենց այս պատճառով, այլապես հարց է առաջանում' եթե ընտրությունները, միևնույն է, կեղծվելու էին, և այդ պատճառով ընդդիմադիր երեք ուժերը չմասնակցեցին նախագահի ընտրություններին, ապա ինչո՞ւ են մասնակցում քաղաքապետի ընտրություններին:
- Կարելի՞ է կանխատեսում անել, որ ինչպես նախագահի ընտրությունների ժամանակ իշխանությունների նախատեսված թվերը «չխփվեցին», այնպես էլ այս անգամ ընդդիմությունը կարող է ավելի մեծ հաջողության հասնել:
- Դժվարանում եմ ասել, որովհետև մի կողմից' ժամանակը շատ կարճ է նախագահական ընտրություններից հետո' ասելու համար, թե այս ոգևորության ալիքի վրա ընտրություններն ինչպիսի վերջաբան կունենան, բայց մյուս կողմից էլ' հիշենք 2008թ.-ից հետո' 2009թ.-ին քաղաքապետի ընտրությունների ժամանակ հիմնական ընդդիմադիր ուժի հավաքած ձայները: Մի կողմից' հասարակությունը մեծ կարևորություն չի տալիս այդ ընտրություններին, մյուս կողմից էլ' «հաջողության» չհասած ընդդիմության նկատմամբ վստահությունը կորում է: Ինչպիսի՞ն կլինի պատկերն այս անգամ, մի քիչ դժվար է ասել. ոգևորության ալիքը դեռևս մնացած կլինի՞, թե՞ հուսահատությունը հասած կլինի այն վիճակին, ինչ 2009թ.-ին էր: Կա նաև մեկ այլ գործոն: Քաղաքապետի ընտրությունների ժամանակ նախ' միջազգային մեծ ուշադրություն չի լինի, երկրորդը՝ հաշվի առնելով նախագահական ընտրությունների դասերը, իշխանությունները շատ ավելի լուրջ լծակներ կօգտագործեն հաջողության հասնելու համար:
- Րաֆֆի Հովհաննիսյանի հետընտրական գործողությունների մասին խոսելիս՝ նշվում է նաև մի հանգամանք, որ ոգևորության ալիքը փորձում են պահել մինչև Երևանի ավագանու ընտրություններ: Ըստ Ձեզ' հիմնավո՞ր են այդպիսի տեսակետները:
- Յուրաքանչյուր վարկած ապրելու իրավունք ունի, բայց մյուս կողմից էլ' եկեք այսպես մտածենք: Իսկ ի՞նչ պետք է աներ Րաֆֆի Հովհաննիսյանը: Մի պահ մոռանանք քաղաքապետի ընտրությունները: Հսկայական պատասխանատվություն դեռ կա նրա ուսերին: Ի՞նչ պետք է աներ՝ հայտարարություն աներ, որ ընտրությունները կեղծված են, ես գնացի տո՞ւն: Ես կարծում եմ, որ եթե նույնիսկ առջևում քաղաքապետի ընտրությունները չլինեին, նա պիտի փորձեր այս շարժումը պահել: Դրանք կհամընկնե՞ն, թե՞ չեն համընկնի, այլ խնդիր է: Շատ դժվար է ասել, թե ինչ է սպասում հասարակությունը Րաֆֆի Հովհաննիսյանից, որովհետև մեր աչքի առաջ են 1996թ.-ից սկսած բոլոր փորձերը, որոնք որևէ հաջողության չեն հասել, և ամեն անգամ եղել են ճգնաժամային իրավիճակներ: Կարծում եմ՝ այն խոսքերը, որ ասվում է տիտղոսավոր ընդդիմության կողմից, թե' մենք չգիտենք՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ինչ ծրագիր ունի, որ միանանք կամ չմիանանք իրեն, ուղղակի պատրվակ է չմիանալու համար: Այդ ուժերը պարզապես խանդում են Րաֆֆի Հովհաննիսյանին' այդպիսի հաջողության հասնելու համար, այդ ուժերը չեն պատկերացնում, թե ինչպես կարող են ինչ-որ մեկին միանալ, նրանք միշտ սովոր են, որ իրենց միանան: Եթե այդ հարցը կա, թե ինչ ծրագիր ունի նա, այդ նույնը բանը կարելի էր հարցնել տարբեր ժամանակ՝ ընդդիմության թեկնածուին նախագահական ընտրություններից հետո: «Ի՞նչ պետք է անի Րաֆֆի Հովհաննիսյանը» հարցի պատասխանը ես չունեմ, բայց նրա ղեկավարած շարժումը փոքր-ինչ տարբերվում է նախորդ շարժումներից նրանով, որ նախկինում կար անհանդուրժողականության սուր մթնոլորտ, ատելության հասնող մթնոլորտ, որը երբեմն «արդարացում» էր իշխանությունների կողմից' իրենց բռնի գործողությունների համար: Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում է ավելի հանդուրժողական շարժում ծավալել: Չգիտեմ, արդյո՞ք այսպիսի շարժումը հաջողության կհասնի: Եթե սա քաղաքական շարժում է գանդիզմի էլեմենտներով, ապա պետք է ֆիքսենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Գանդին չէ, հայերն էլ ավելի անհամբեր են, անընդհատ գործողություններ են պահանջում: Նախորդ փորձերը, սակայն, ցույց են տվել, որ գործողություններն ավարտվում են կամ բռնություններով, կամ, ցավալիորեն, նույնիսկ զոհերով: Մի կողմից' հասարակությունը գործողություններ է պահանջում, մյուս կողմից էլ՝ այդ գործողությունները փակուղի են տանում:
- Թունելի վերջում լույսը, փաստորեն, չի՞ երևում:
- Չգիտեմ, այս շարժումը հաջողություն կունենա՞, թե՞ ոչ, և ո՞րն է հաջողության գաղտնիքը, բայց ես ունեմ մի ուրիշ անհանգստություն: Արդյո՞ք այս ընտրությունները դաս կարող են լինել իշխանությունների համար: Ամեն դեպքում նրանք գիտեն իրական արդյունքները: Այդ պարագայում ի՞նչ ճանապարհ կընտրեն նրանք՝ իրապես բարեփոխումնե՞ր կատարել, թե՞ արդյունքները տեսնելով, ավելի կչարանան: Ես ավելի հակված եմ երկրորդ տարբերակին: Շիրակի մարզպետի պաշտոնում՝ ԱԱԾ-ի նախկին տեղակալի նշանակումը ևս կասկածներ է առաջացնում, որ այդ տարբերակն են ընտրում:
- Մինչ ընտրությունները Դուք էլ էիք այն կարծիքին, որ ընտրությունները ոչ մրցակցային են..
- Ես սխալվել եմ: Կարծում եմ՝ այս ընտրություններն անսպասելի էին, առաջին հերթին, իշխանությունների համար, երկրորդ հերթին՝ տիտղոսակիր ընդդիմության համար, հասարակության համար, իմ կարծիքով' նաև Րաֆֆի Հովհաննիսյանի համար: Անսպասելի էր այնքանով, որ երբ հիմնական թեկնածուները չմասնակցեցին ընտրություններին, պարզ տպավորություն էր, որ հիմնական թեկնածու չկա: Բայց պարզվեց, որ այդ հիմնական թեկնածուն կարող է լինել ցանկացած մարդ: Չնայած ես չեմ ուզում նսեմացնել Րաֆֆի Հովհաննիսյանի դերը, որովհետև, երբ ասում են, որ դրանք Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները չէին, այլ ՝ընդդեմ իշխանության ձայներն էին, դրանով ուզում են նսեմացնել նրան: Մասնակցեիք ընտրություններին և ձայներ հավաքեիք, եթե չեք մասնակցել ընտրություններին, դրանք Րաֆֆի Հովհաննիսյանի ձայներն են:
- Րաֆֆի Հովհաննիսյանն ակնարկում է երկարատև պայքարի մասին, բայց Դուք նշեցիք, որ հայերն անհամբեր են: Այդ դեպքում ի՞նչ պետք է անի Րաֆֆի Հովհաննիսյանը:
- Ցանկացած պայքար ենթադրում է երկարատև պայքար, բայց կարծում եմ' հասարակությունը դրան պատրաստ չէ:
- 2008թ.-ի նախագահի ընդդիմադիր թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանն էլ երկարատև պայքարի ճանապարհով գնաց, որի արդյունքում շարժումը մարեց:
- Այո, դրա վատ օրինակը մենք ունենք, բայց պետք է նորից փորձել:
- Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարում է, որ իրենցից չպահանջեն իշխանության հասցեին կոպիտ ձևակերպումներ հնչեցնել, սակայն սա հաճախ կարծիք է ծնում, թե Րաֆֆի Հովհաննիսյանը խուսափում է քննադատությունից: Ձեր կարծիքով' նա քննադատո՞ւմ է իշխանություններին:
- Ես կողմ եմ, որ խիստ քննադատվեն իշխանությունները, բայց առանց հայհոյանքների: Իմ կարծիքով, նա քննադատում է, ուղղակի մենք սովոր ենք, որ քննադատությունը պետք է լինի այսպես՝ ավազակապետություն, թալանչիներ, մարդասպաններգ Դրա համար, երբ քնադատությունը լինում է առանց այս բառերի, մեզ թվում է՝ չի քննադատում: Սա մեր մտածողության կարծրատիպն է:
- Իշխանությունները նախագահի ընտրությունները համարո՞ւմ են այլևս փակված էջ:
- Իշխանությունները ոչ մի անգամ էլ նախագահական ընտրություններից հետո հանգիստ չեն եղել: Ես կարող եմ հիշել, որ 1996թ.-ից հետո իշխանությունները հանգիստ զգացին իրենց 1997թ.-ի հոկտեմբերից հետո, 2003թ.-ից հետո՝ հանգիստ եղան 2004թ.-ի սեպտեմբերից հետո' 2008թ.-ի ընտրություններից հետո իշխանությունները իրենց հանգիստ զգացին 2011թ.-ին: Ետընտրական շրջանում նույնիսկ ամենաանվտանգ թվացող բողոքի ակցիայի պարագայում նրանք իրենց հանգիստ չեն զգում:
«Րաֆֆի Հովհաննիսյանը Գանդին չէ, հայերն էլ ավելի անտարբեր են»
19:23 - 9.Մարտ.2013
Աղբյուր՝
http://168.am/2013/03/09/193132.html
Առաջարկում ենք նաև
30/06/23 11:58
Իլհամի ու Նիկոլի բուն անխուսափելի տեղը խստագույնս արդարադատության ատյանի առջև է. Րաֆֆի Հովհաննիսյան
02/06/23 14:20
Քանի այս իշխանությունը չի գնացել սեփական թարմացման, պետք է ապրենք այս վիհերի մեջ. Րաֆֆի Հովհաննիսյան
22/12/22 10:45
«Անքարտեզ Հայաստան»․ մեր սերունդը տապալում է պատմական իր բաժին առաքելությունը․ Րաֆֆի Հովհաննիսյան
09/08/22 14:59
Որևէ մեկը մինչ այսօր պազաբանում չի տվել՝ ինչու՞ է իմ մուտքն արգելվել. Րաֆֆի Հովհաննիսյան
25/09/18 13:11
Կարող է լինել նոր «Ժառանգություն»՝ նոր դեմքերով, նոր ղեկավարությունով. Րաֆֆի Հովհաննիսյան
28/03/17 21:37
Մենք կվերցնենք երկրորդ տեղը. Րաֆֆի Հովհաննիսյան
07/12/15 18:21
Կառավարության լույսը խավարի մեջ Սեյրան Օհանյանն է, որը կարող է դառնալ հաջորդ նախագահը. Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)
01/04/15 14:20
Հայաստանում ընդդիմության առաջնորդ չկա. հարցում
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան