Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների նոր հանդիպումը նախատեսված է հունվարի կեսերին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդգծեց, որ հանդիպման օրվա և վայրի մասին տեղեկատվություն այս պահին չի կարող տրամադրել: «Հանդիպումը նախատեսված է հունվարի կեսերին, սակայն հստակ օրվա և վայրի մասին տեղեկատվություն արտաքին գործերի նախարարությունը չի կարող տրամադրել»,- նշեց Քոչարյանը:
Հարցին` հնարավո՞ր է, որ ԱԳ նախարարների հանդիպմանը հաջորդի նաև նախագահների մակարդակով հանդիպում, Քոչարյանը պատասխանեց. «Այդպիսի բան այսօր դեռևս չի քննարկվում»:
Փոխնախարարը նաև շեշտեց, որ այս պահին շատ դժվար է խոսել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում առաջընթացի մասին: «Առաջընթացի մասին խոսելը դժվար է, որովհետև կողմերի միջև չկա վստահության մթնոլորտ: Այն իսպառ բացակայում է: Բոլորս տարբեր հայտարարությունների ականատես եղանք, որոնք համահունչ են Հայաստանի արտաքին քաղաքական դիրքորոշումներին առ այն, որ անհրաժեշտ է ներդնել այն մեխանիզմները, որոնց պայմաններում կձևավորվի այդ մթնոլորտը», - նկատեց նա:
Փոխնախարարի խոսքով՝ վերը նշված պայմաններից առաջնայիններից է զինադադարի ռեժիմի պահպանումը: Քոչարյանն ընդգծեց, որ հանդիպումներն առաջին հերթին հենց այս խնդրի լուծմանն են ուղղված, որը նաև կնվազեցնի շփման գծում լարվածությունը: «Էլի կորուստներ ունենք, էլի կրակոցներ կան, բայց այնուամենայնիվ նմանատիպ հանդիպումները նպաստում են, որպեսզի իջնի այդ լարվածության մակարդակը», - ասաց նա: