Համաձայն «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» պայմանագրի հավելված 4-ի՝ 2018թ.-ին նախատեսվում են մաքսային սակագների փոփոխություններ մի շարք ապրանքախմբերում: Թանկացման հերթական ալիքի տակ է ընկնելու «Ընտանի թռչնի միս և մսամթերք» ապրանքախումբը, որի համար սահմանվում է 18% մաքսային դրույքաչափ՝ նախկին 14-ի փոխարեն, միևնույն ժամանակ, նախատեսվում է մինչև 2022թ.-ը այն հասցնել 50%-ի: Հաջորդ ապրանքախումբը, որի մասով նույնպես նախատեսված են փոփոխություններ, «Հանքային, քիմիական պարարտանյութեր» ապրանքախումբն է: Այս դեպքում սահմանվում է 2% մաքսային դրույքաչափ, մինչդեռ նախկինում այս ապրանքախմբի համար ներմուծման մաքսատուրք նախատեսված չէր: Այս դեպքում նույնպես, 2017թ. հունվար-հոկտեմբեր ամիսների դրությամբ, ներմուծման գերակշիռ մասը բաժին է ընկել երրորդ երկրներին՝ մոտ 19 մլն դոլար, իսկ ԵԱՏՄ երկրներից ներմուծումը կազմել է մոտ 6,5 մլն դոլար: «Մազերի, ատամների խնամքի միջոցներ» ապրանքախմբի համար նույնպես սահմանվում է 2% մասքսային դրույքաչափ՝ նախկին զրոյական մաքսատուրքի փոխարեն: «Կենտրոնական ջեռուցման կաթսաներ» ապրանքախմբի համար նույնպես մաքսային դրույքաչափը սահմանվել է 3%: Այստեղ նույնպես ներմուծման գերակշիռ մասը բաժին է ընկնում երրորդ երկրներին՝ ավելի քան 6 մլն դոլար:
Թանկացման այս դինամիկան հուշում է, որ թանկացումները շարունակվելու են, քանի որ 800 անուն ապրանքի մաքսազերծման դրույքաչափերը բարձրանալու են մինչև 2020 թվականը: Այս տարվա ընթացքում ևս մոտ 40 անուն ապրանքի գին կբարձրանա։ Դրանք առաջնահերթ ապրանքներն են, օրինակ՝ թռչնամիս, վառելիք և այլն, որոնք ներկրվում են երրորդ երկրներից: Երրորդ երկրի ապրանքն ավելի որակով է, բայց այն ավելի թանկ կնստի, քան ԵԱՏՄ անդամ երկրից ներկրելու դեպքում։ Նշենք, որ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամակցությունից հետո 2016 թվականին ընդամենը 8 ապրանքատեսակի մասով էր միացել ԵԱՏՄ միասնական մաքսատուրքի դրույքաչափերին, որից 7-ի մասով պահպանվել է ՀՀ համար նախկինում գործող արժեքը և միայն մեկուսացված հաղորդալարերի մասով՝ 2%-ով բարձրացում։ Իսկ ահա 2017 թվականին ԵԱՏՄ միասնական մաքսատուրքի դրույքաչափերին միացել է ևս 8 ապրանքատեսակի մասով, որից 4-ի դեպքում պահպանվել են նախկին դրույքաչափերը, 3-ի մասով արձանագրվել է 3% բարձրացում, սակայն 1 ապրանքատեսակի մասով արձանագրվել է նախկինից 3.5% ցածր դրույքաչափ: Այժմ ՀՀ-ը պետք է միանա ԵԱՏՄ միասնական մաքսատուրքի դրույքաչափերին 14 ապրանքատեսակի մասով, որից 7-ի մասով պահպանվելու են ՀՀ համար նախկինում գործող մաքսատուրքի դրույքաչափերը, իսկ մյուս 7-ի՝ պահածոյացված ձկան, սննդի մեջ օգտագործվող պիտանի խառնուրդների, «մարդկային արյունի» և այլնի դեպքում՝ արձանագրվելու է մաքսատուրքի դրույքաչափի բարձրացում՝ 2-3%-ի չափով։ Ինչին էլ արդեն ականատես ենք լինում:
Եվ սա միակ վտանգը չէ: ԵԱՏՄ ընդհանուր Մաքսային օրենսգրքի արդյունքում, օրինակ, մեր քաղաքացիներն այլևս չեն կարողանա առանց մաքսազերծելու 300 դոլար արժողությամբ էլեկտրոնային գնում կատարել, այդ թիվը կտրուկ նվազելու է: Մաքսազերծման դրույքաչափերն են բարձրանալու, դա թանկացման է բերելու ընդհանրապես: Այդպիսով, ԵԱՏՄ-ն կամ այդ կառույցի համակարգող Ռուսաստանը պարտադրում է, որ անդամ երկրները հիմնականում իր հետ առևտուր անեն, իսկ որ ավելի ճիշտ է, իր արտադրանքը գնեն: Անգամ կարծիքներ կան, որ մսի, կարագի թանկացումը կարող է ինչ-որ տեղ առնչվել նաև այդ երևույթին: Երրորդ երկրներից այդ ապրանքի ներկրումը կտրուկ թանկանալու է, և ամիսներ առաջ այս թանկացմամբ, կարծես թե, մարդկանց սովորեցնում են բարձր գներին:
Ստելլա Խաչատրյան