ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը Կոնգրեսում ներկայացրել է պատժամիջոցների նոր օրենքով նախատեսված «Կրեմլյան ցուցակ»: Ընդհանուր առմամբ, ցուցակում տեղ է գտել 210 անուն՝ 114 պաշտոնյա և 96 գործարար: Նշենք, որ այսպես կոչված «Կրեմլյան ցուցակում» է հայտնվել նաև հայազգի գործարար Սամվել Կարապետյանը:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում խոսելով «Կրեմլյան ցուցակի» մասին, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը նշեց, որ ըստ ամերիկյան տրամաբանության՝ ցուցակում հայտնվածները համարավում են Պուտինին մոտ կանգնած մարդիկ, ովքեր օժանդակում են վերջինիս:

 

«Թեև հրապարակվել է «սանկցիոն ցուցակը», սակայն այնտեղ ընդգրկված մարդիկ որևէ սանկցիաների չեն ենթարկվել, բայց նպատակ կա Պուտինի շրջապատում որքան հնարավոր է՝ ճաք մտցնել: ԱՄՆ-ի կողմից «Կրեմլի ցուցակում» ռուսաստանցի խոշոր գործարարների և պաշտոնյաների ընդգրկումն ամենևին չի նշանակում, որ այս գործարարների մի մասը ինչ-որ բան է արել անարդար և կոռուպցիոն ճանապարհներով, քանի որ ամերիկյան այդ ցուցակը քաղաքական փաստաթուղթ է, որը նպատակ ունի հարվածել Ռուսաստանի տնտեսությանը, ինչպես նաև ազդել 2018 թ. մարտի 18-ին կայանալիք Ռուսաստանի նախագահական ընտրությունների ընթացքի վրա»,- ասաց նա: 

Ինչպես արդեն նշեցինք, ցուցակում ընդգրկված է նաև հայազգի գործարար Սամվել Կարապետյանը, ով նաև ՀՀ քաղաքական վերնախավի հետ սերտ առնչություն ունի: Հարցին՝ Հայաստանը մտահոգվելու առիթ ունի՞, քաղտեխնոլոգը պատասխանեց.

«Սա հոգեբանական ճնշում է, և Սամվել Կարապետյանն ամեն պահ իրեն թիրախավորված է զգալու: Ցանկացած պահի կարող են ինչ-որ սանկցիաներ լինել, սկսած՝ ԱՄՆ մուտքն արգելելուց մինչև ամենապարզ պատժամիջոցը, այն բանի համար, որ որևէ օլիգարխի կամ պետական կառույցի հետ գործ ունեն»,- ասաց քաղտեխնոլոգը՝ ավելացնելով, որ հոգաբանական ճնշում է գործադրվում Ռուսաստանի էլիտայի վրա և անընդհատ օդում կախված է այն վտանգը, որ ցանկացած պահի կարող է կոնկրետ, այդ թվում նաև՝ նյութական սանցիաներ լինեն:

Նրա կարծիքով՝ ցուցակում ներառել են մարդկանց, ովքեր 1 միլիարդից ավելի կարողություն ունեն: Ըստ ամերիկյան իշխանությունների տրամաբանության՝ Ռուսաստանում հնարավոր չէ դառնալ գերհարուստ, եթե դու հանցավոր գործունեություն չես ծավալում իշխանության հետ:

«Չափորոշիչներ չեն ներկայացվել, թե ինչն է ցուցակում հայտնվելու պատճառը: Ցուցակն ունի նաև գաղտնի մաս, որը հայտնի չէ լայն հանրությանը և այնտեղ ներառված են այլ անձինք և կազմակերպություններ ևս: Այնտեղ տվյալներ են նշված, թե ցուցակի յուրաքանչյուր ներկայացուցիչ կոնկրետ ինչու է մեղադրվում ԱՄՆ-ի ֆիննախի կողմից»,- եզրափակեց Հակոբյանը: 

 

Սոնա Հարությունյան