«Եղանակը խոստումնալից չէ, եթե այսպես շարունակվի, ապա անփուսափելի է Սևանից հավելյալ ջրի բացթողումը։ Իհարկե, մենք հույս ունենք, որ անձրևներ կլինեն»,- ասուլիսի ընթացքում հայտարարել է Ջրպետկոմի նախագահ Արսեն Հարությունյանը։ Նա նաև բարի լուր ավետեց. պարզվում է՝ Հիդրոմետ ծառայությունից հայտնել են՝ փետրվարի երկրորդ կեսը, նաեւ մարտը՝ լինելու է անձրևաշատ, ինչը, բնականաբար, թույլ կտա մեղմել իրավիճակը։ Արսեն Հարությունյանը նշեց նաև, որ 2017 թ.-ը ևս ծանր տարի էր, սակայն դժվարություններով հանդերձ՝ կարողացել են գյուղացիներին ջուր հասցնել: Հետաքրքիր է, այդ դեպքում ինչի՞ց էին այդպես դժգոհում գյուղացիները, երբ միջպետական ճանապարհներ էին փակում ու բողոքում, որ իրենց հողատարածքները ոռոգում են արյուն–քրտինքով: Արսեն Հարությունյանը նաև համեստորեն լռում է, թե ինչպես անցյալ տարվա ընթացքում իր ղեկավարած կառույցը համատարած դատի էր տալիս այդ նույն գյուղացիներին, ենթադրում ենք՝ նրանց կյանքը էլ ավելի անհոգ դարձնելու վեհ նպատակով:
 
Իսկ մինչ գյուղացիները վճարում էին չստացված ջրի դիմաց կուտակված պարտքերը, փորձենք հասկանալ՝ ինչով էր զբաղված ջրային տնտեսության պետական կոմիտեն: Նախագահ Արսեն Հարությունյանն աշխատում է իր նախկին գործելաոճով, երբ «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն էր, ու մարդիկ տարիներ շարունակ վճարում էին գազի ներտնային սպասարկման համար, բայց երբեք «չէին տեսնում» այն: Այսօրվա դրությամբ հանրապետության ջրային ռեսուրսներն օր օրի նվազում են, գյուղատնտեսության ոլորտը ավանդում է հոգին, իսկ Ջրպետկոմը ղեկավարող Արսեն Հարությունյանը ջայլամի քաղաքականություն է վարում: Հիմա էլ հույսը անձրևն է, ասել է թե՝ Հարությունյանը վերջնականապես ձեռք է քաշում իր լիազորությունները և պարտականությունները կատարելուց և հույսը դնում է բնության բարեգթության վրա:
 
 
Ստելլա Խաչատրյան