ԵՊՀ Restart նախաձեռնությունը կազմակերպել է զուգարանի թղթերի բարեգործական հավաք: Ուսանողները այս քայլով ի ցույց են դնում, որ մայր բուհի զուգարաններում ադմինիստրացիան անգամ զուգարանի թուղթ չի տրամադրում:
Ակցիային միացել են նաև դասախոսներ: Ստորև ներկայացնում ենք լուսանկարներ և տեսանյութ՝ ակցիայի ընթացքից
Ավելի վաղ restart խումբը հայտարարություն էր տարածել, նշելով ակցիայի նպատակը:
Հայտարարությունում ասվում է.
ԵՊՀ-Restart նախաձեռնությունը ստեղծվել է մի խումբ ուսանողների կողմից համալսարանում բարեփոխումներ անելու համար: Նպատակն է թե՛ ուսանողների, թե՛ դասախոսների, թե համալասարանի ադմինիստարցիայի համար ավելի հարմարվետ, ավելի լավ, կրթական առումով ավելի առաջադեմ համալսարան ունենալը: Համալսարանի մի մասնիկը լինելով՝ մենք պատասխանատվություն ենք զգում մեզ վրա բարձրաձայնել առկա խնդիրները ու անհրաժեշտության դեպքում նաև օգնել դրանք լուծել:Սկսել ենք շատ հասարակ զուգարանի թղթի խնդրից, որը գուցե առաջին հայացքից չնչին թվա, քանի որ վերաբերում է բազային հիգենիային, սակայն համոզված ենք, որ հենց այս փոքր թվացող խնդիրները հաճախ առաջնային են կրթական պրոցեսը հնարավորինս լավ կազմակերպելու համար: Առաջիկայում քննարկման առարկա ենք դարձնելու նաև մի շարք այլ խնդիրներ՝ գրադարան, գրքերի առկայություն և հասանելիություն, համալսարանի կահավորվածություն, օդափոխման համակարգեր, պրոյեկտորներ, ուսանողի իրավունքներ, կրթության որակ, դասախոսների աշխատավարձեր և այսպես շարունակ: Խնդիրներ շատ կան և դուք նույնպես կարող եք միանալ և ձեր կողմից կարևորվող հարցերը բարձրացնել: Կարծում ենք վաղուց եկել է բարեփոխումներ իրականացնելու ժամանակը քանի որ բոլորիս ցանկությունն է, որ համալսարանից դուրս գան լավ եւ որակյալ մասնագետներ ու քաղաքացիներ: