Հայաստանի գլխավոր երաշխավորը եվրոպական մոդելի պետության կառուցումն է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 17-ին, «Լուսավոր Հայաստան» կուսակցության երկրորդ համագումարին հայտարարեց կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
Նա ընդգծեց՝ հետ նայելով երկու տարիների իրենց անցած ճանապարհներին, կուսակցությունը լուրջ զարգացման ճանապարհ է անցել․ «Կարճ ժամանակահատվածում անցել են երեք խոշոր ընտրական գործընթացների միջով՝ Գյումրի և Վանաձոր քաղաքներում ՏԻՄ ընտրություններին, ապա կազմել «Ելք» դաշինքը և մասնակցել ԱԺ-ի և նաև Երևանի քաղաքապետի ավագանու ընտրություններին»,- նշեց նա:
Մարուքյանը ներկայացրեց «Իրավունքի գերակայության մանիֆեստ» անվանումով փաստաթուղթը, որն ավելի ուշ ընդունվեց համագումարի կողմից:
«Այս համագումարում պետք է ընդունենք մի փաստաղթուղթ, որը կոչվում է «Իրավունքի գերակայության մանիֆեստ»: Այն, ըստ էության, ԼՀ-ի 2015թ-ի դեկտեմբերի 12-ին ընդունած ծրագրի շարունակությունն է եւ կից փաստաթուղթը: Ելնելով Հայաստանի առջեւ ծառացած գլխավոր մարտահրավերներից, ընդունելով մանիֆիսետը` կուսակցությունը եւս մեկ անգամ վերահաստատում է, որ Հայաստանի զարգացման երկարաժամկետ անվտանագության եւ համընդահանուր բարօրության գլխավոր երաշխավորը եվրոպական մոդելի պետության կառուցումն է: Մենք այլ ռեսուրս չունենք այլ մոդելի պետություն կառուցելու համար: Ժողովրդավարության կառուցման հիմնաքարն ու երաշխիքը իրավունքի գերակայության հաստատումն է: Այս մանիֆեստը հռչակում է այն հիմնարար դրույթները, որոնք պետք է հանգեցնեն Հայաստանում իրավունքի գերկայության հաստատմանը եւ լիբերալ ժողովրդավարության կայացմանը»,- ասաց Մարուքյանը: