Հայաստանի միջազգային պահուստներն այս տարի կրկին նվազել են: Կենտրոնական բանկի հաշվետվությունից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ հունվարի դրությամբ ՀՀ պետական պահուստները կազմել են 2 մլրդ 286.9 մլն դոլար, մինչդեռ դեկտեմբերին այդ թիվը 2 մլրդ 313.9 մլն դոլար էր: Ասել է, թե մեկ ամսվա ընթացքում ՀՀ պետական պահուստները նվազել են 27 մլն դոլարով: Առաջին հայացքից սա մեծ խնդիր չէ: Բայց տեղի ունեցածը, ըստ էության, բացահայտում է դրամի փոխարժեքն ամեն գնով պահպանելու՝ իշխանությունների արհեստական ջանքերը: Ֆինանսական շուկայում դոլարի մեծ խմբաքանակ վաճառելով` կառավարությունն այսպես փորձել է դրամը փրկել արժեզրկումից: Ի դեպ, նշենք նաեւ` տեւական ժամանակ է՝ Հայաստանի պահուստներն արտարժույթի տեսքով են: Դա ունի իր պատճառները: Պետական պահուստների վաճառքի ամենահայտնի գործարքներից մեկը կայացել է 2003 թվականին: Հեղինակը Կենտրոնական բանկի նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն է համարվում, ով Կենտրոնական բանկի նախագահ աշխատած ժամանակ վաճառեց երկրի ոսկու պահուստը՝ հայտարարելով, թե ոսկու գները շատ բարձր են, և ինքը հաջող գործարք է իրականացրել:
Վերջին աղմկոտ վաճառքը բոլորովին վերջերս էր, երբ կառավարությունը որոշում կայացրեց աճուրդի հանել պահուստային ֆոնդում առկա թանկարժեք իրերը՝ այն պատճառաբանությամբ, որ տարիների ընթացքում դրանք կարող են կորցնել իրենց արժեքը:
Իհարկե, տրամաբանությունից դուրս է, թե ինչպես կարող են թանկարժեք քարերը հնանալ կամ կորցնել իրենց արժեքն այն պարագայում, երբ հակառակը՝ դրանք տարիների ընթացքում ավելի մեծ արժեք են ձեռք բերում, ու այդ գանձերը պահպանելու առումով պետությունը պետք է մեծ շահագրգռվածություն ցուցաբերի: Այնինչ՝ մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաների գնահատմամբ՝ այդ թանկարժեք ապրանքները պահպանելն է անգամ շատ դժվար ու թանկ երկրի համար: Ինչո՞ւ հիմա հանկարծ անհրաժեշտություն առաջացավ վաճառքի հանել երկրի պահուստի թանկարժեք զարդերը: Իշխանության ներկայացուցիչները հազիվ թե իրենց մեկնաբանություններում և պատասխաններում ազնիվ գտնվեն ու հայտարարեն, որ այս ծայրահեղ քայլին գնում են, քանի որ երկիրը վատ վիճակի մեջ է ու բյուջեի ֆինանսներն էլ սուղ են: Իշխանության ներկայացուցիչների հավաստիացումները, թե ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշ, կառավարելի պետական պարտք, և որ քայլեր են ձեռնարկվում երկրում ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ, ակնհայտ է, որ իմիտացիոն բնույթի են, քանի որ կառավարության գործողություններից դատելով՝ դժվար չէ ենթադրել՝ իրականում ինչ իրավիճակ է. տարբեր ոլորտների հատկացվող ծախսերի կրճատում, պետական ապարատի աշխատակիցների օպտիմալացում, որը բացատրվում է արդյունավետ կառավարմամբ և այլն: Ստեղծված իրավիճակն էլ բովանդակային առումով ամբողջականացվում է հենց պահուստային ֆոնդի ամենամսյա կրճատման մեջ:
Ստելլա Խաչատրյան