Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով հստակեցվում է լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար նախատեսված քրեական պատասխանատվության սկզբունքը: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ դատախազության ուսումնասիրությունները ցույց են տվել՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու համար որոշ դեպքերում օրենքում առկա են թերացումներ:
«Դրանք հնարավորություն չեն ընձեռում պայքար վարել հատկապես այն դեպքերում, երբ դա զուգակցվում է լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնության հետ: Այդ իսկ պատճառով առաջարկվում է փոփոխություն կատարել քրեական օրենսգրքում: Միաժամանակ, վեր են հանվել մի շարք այլ հոդվածներում ևս առկա թերացումներ, մասնավորապես, այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայության հետ կապված թերացումներ, որոնք ևս շտկվելու են», - ասաց Դավիթ Հարությունյանը:
Ըստ հիմնավորման՝ առաջարկվող կարգավորման նպատակն է առավել հստակեցնել օրենսգրքի համապատասխան մասի դիսպոզիցիան՝ քրեորեն պատժելի համարելով լրագրողիմասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է լրագրողիկամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով` անկախ հանցակազմի սուբյեկտի հասարակ կամհատուկ լինելու հանգամանքից: