Հայաստանի 7 մարզի 20 համայնքում մարտի 11-ին տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ տեղի կունենան Արագածոտնի մարզի Դդմասար, Արարատի մարզի Դարբնիկ, Զորակ, Խաչփար, Հայանիստ, Նիզամի, Նորամարգ, Սայաթ-Նովա, Սիս, Սիփանիկ, Եղեգնավան, Արմավիրի մարզի Դաշտ, Մեծամոր, Ծաղկալանջ, Լոռիի մարզի Դարպաս, Լեռնավան, Դեբետ, Կոտայքի մարզի Հացավան, Շիրակի մարզի Վարդաքար համայնքներում, արտահերթ ընտրություններ` Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում: 

Սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 31 քաղաքացիներից 12-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Համայնքի ղեկավարի ընտրությունների քվեարկությանը մասնակցող 19 թեկնածուներից 8-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, 9-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության և 2-ը` Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից: 

ՏԻՄ ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 14 համայնքներից 12-ում քվեարկվելու է 1-ական թեկնածու, իսկ Նորամարգ և Դեբետ համայնքներում քվեարկվելու են համապատասխանաբար 3 և 4 թեկնածու: 

Ավագանու անդամի գրանցված 146 թեկնածուներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 8 թեկնածու: Ավագանու անդամի ընտրությունների քվեարկությանը մասնակցող 138 թեկնածուներից 75-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, 62-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության և 1 թեկնածու՝ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության կողմից: Ավագանու անդամի 138 թեկնածուներից 15-ը իգական սեռի ներկայացուցիչներ են:

Մարտի 11-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները լուսաբանելու համար ԿԸՀ-ում գրանցվել է 8 լրատվամիջոց` «Շանթ» հեռուստաընկերություն, «Արմնյուզ» հեռուստաընկերություն, «Արմենպրես» լրատվական գործակալություն, «Արմենիա» հեռուստաընկերություն, «Կենտրոն» հեռուստաընկերություն, «Հրապարակ» օրաթերթ, «Առավոտ» օրաթերթ, «Հետք» ինտերնետային պարբերական: