ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը վստահեցնում է` առաջիկա հինգ օրերին հանրապետության հովտային գոտիներում ցրտահարություն չի սպասվում:

Լրագրողների հետ հանդիպմանը Սուրենյանն ասաց, որ ցրտահարության վտանգը կսահմանափակեն հանրապետություն ներթափանցող տաք օդային հոսանքները: «Հանրապետությունում, բարձր ջերմաստիճանով պայմանավորված, պտղատուների վեգետացիան սկսվեց 40 օր շուտ: Մեր պատմության մեջ այս տարի ամենավաղ պտղատուների ծաղկումն է գրանցվել»,-ասաց նա:

 

Սուրենյանը չբացառեց, որ ապրիլին հնարավոր է ցրտահարության վտանգ լինի: «Հանրապետության հովտային շրջաններում ցրտահարության վտանգ կա մինչև ապրիլի 27-ը: Մենք ունեցել ենք տարիներ, երբ ապրիլի 24-ին և 25-ին ջերմաստիճանն ընդունել է բացասական ֆոն, և գրանցվել է ցրտահարություն: Բայց եթե մենք մարտն արդեն շրջանցում ենք և թևակոխում ենք ապրիլ, ապա ըստ օրերի այդ հավանականությունն ավելի փոքրանում է»,-ասաց նա՝ հավելելով, որ մարտին ցրտահարության հավանականությունն ավելի մեծ է, քան ապրիլին:

Անդրադառնալով երաշտի մասին խոսակցություններին՝ օդերևութաբանության կենտրոնի պետն ասաց, որ մարտին տեղումների քանակը եղել է նորմային մոտ, ապրիլին էլ տեղումները նորմայից ավելի կլինեն: «Քանի որ ձնածածկույթն այս տարի բավական քիչ էր, սպասվելիք տեղումները կմեղմեն սակավաջրության վտանգը»,-հավելեց բանախոսը: