ՀՅԴ Գերագույն մարմինը վստահեցնում է՝ նախարարական երեք պորտֆելի փոփոխությունների հարց կուսակցության օրակարգում չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանը՝ ընդգծելով, սակայն, որ քաղաքականությունում որևէ բան պետք չէ բացառել:

«Եթե լինի նման փոփոխությունների անհրաժեշտություն, մենք ինքներս այդ մասին կտեղեկացնենք, բայց այս պահին նման օրակարգ չունենք», - ասաց նա:

 

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանին ապագա կառավարությունում տեսնելու օրակարգ ՀՅԴ-ում կա՞, թե ոչ հարցին ի պատասխան՝ Համբարձումյանն ասաց.

«Ծանոթ եմ վերջին օրերի տարբեր ԶԼՄ-ների հրապարակումներին, շատ հեշտությամբ մարդկանց նշանակում և ազատում եք պաշտոններից: Բայց ասեմ, որ նման օրակարգ չունենք», - ասաց Համբարձումյանը:

Հարցին՝ ինչո՞ւ Աղվան Վարդանյանն ու Արմեն Ռուստամյանը չեն ընտրվել կուսակցության Գերագույն մարմնի կազմում՝ Համբարձումյանը պատասխանեց.  

«Պատգամավորները աշխատանքի բերումով բավականին ծանրաբեռնված են լինում և հնարավորություն չեն ունենում աշխատանքները լիարժեք կատարել»: