Մամուլում այսօր տեղեկատվություն տարածվեց, որ Հատուկ քննչական ծառայությունն ընթացք է տվել Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող նախկին փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի և Սեդա Սաֆարյանի՝ «Բանակի ներգրավվածությունը Մարտի 1-ի իրադարձություններին» վերնագրված զեկույցին: Այն արդեն կցվել է քրեական գործին, և արդեն այդ ուղղությամբ որոշակի քննչական գործողություններ են ընթանում: Կասկած չկա՝ ՀՀ գլխավոր դատախազությունը, որը ՀՔԾ-ին հանձնարարել էր ուսումնասիրել փաստահավաք խմբի զեկույցը, այդ քայլին չէր գնա առանց Սերժ Սարգսյանի համաձայնության: Այժմ հարց է առաջանում՝ ի՞նչ նպատակ է հետապնդում ՀՔԾ կողմից գործին ընթացք տալը, այն էլ՝ բանակի ներգրավվածության մասով: Գործին ընթացք է տրվում մի պարագայում, երբ ՀՀԿ-ն ԱԺ-ում օրեր առաջ փաստացի փակեց այն ժամանակվա իշխանություններին պատասխանատվության կանչելու հարցը՝ դեմ քվեարկելով ԵԼՔ դաշինքի նախագծին՝ դրանով իսկ հասկացնելով, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մարտի 1-ի գործով որպես վկա ներգրավելու հիմքեր չկան: Այդ դեպքում ո՞վ է իրականում իշխանությունների թիրախում, եթե Քոչարյանին արդեն իսկ ապահովագրել են:

 

Կարծես թե ՀՔԾ կողմից բանակի ներգրավվածության մասին զեկույցի ուսումնասիրությունն ուղղված է այն ժամանակվա ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների և, մասնավորապես, ԶՈւ գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի դեմ: 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Օհանյանը հայտարարել է, որ մարտի 1-ին զինված ուժերը ոչ մի դերակատարություն չեն ունեցել, իսկ մարտի 2-ից նրանք անցել են ՀՀ մայրաքաղաքի կարեւոր օբյեկտների պաշտպանությանը: Հասկանալով, որ ՊՆ–ում սկիզբ առած ձերբակալությունները չեն տալիս ցանկալի արդյունք, իշխանությունները անցել են գլխավոր՝ Մարտի 1-ի խաղաքարտը խաղարկելուն: Ընդ որում՝ ընդդեմ Օհանյանի, որի հետ բանակցություն է վարում հանրահավաքներ սկսած՝ «Հանուն Հայաստան Պետության» ճակատը, ինչպես գրում է մամուլը:

Անկասկած, դժվար է պատկերացնել, որ հրապարակի վիճակը էական փոփոխության ենթարկվի, եթե այնտեղ հայտնվի անգամ Սեյրան Օհանյանը, և ավելին՝ այստեղ կարող է առաջանալ նույնիսկ հակառակ էֆեկտ և Սեյրան Օհանյանով հրապարակը դառնա քննադատության թիրախ, բայց բոլոր դեպքերում՝ ակնհայտ է Սարգսյանի կանխարգելիչ գործողությունը: Չի բացառվում, որ զեկույցի ուսումնասիրությունից հետո ռեալ իրավական գործողություններ այդպես էլ չնախաձեռնվեն: Դրա մասին կարելի է դատել իշխանությունների ընդհանուր տրամադրվածությունից: Մարտի 1-ը բացահայտել ցանկացողները չէին սահմանափակվի բազամահատոր զեկույցի ընդամենը մեկ հատվածը քննության առնելով: Ակնհայտ է, որ գործի վերաբացումը, հատկապես նման ֆորմատով, ունի լուրջ քաղաքական ենթատեքստ, նպատակն էլ հասկանալի է՝ քաղաքական օպոնենտների հետ հաշվեհարդարը:

 

Ստելլա Խաչատրյան