ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ապրիլյան պատերազմից քաղած դասերին և կատարված փոփոխություններին՝ նշեց, որ բանակաշինությունը պետականաշինության պես անընդհատ գործընթաց է։
«Ցանկացած պահի, երբ մարդիկ, ովքեր համարում են, որ կատարել են ամեն ինչ այդ փուլի համար, պետք է ճանապարհ հարթեն նոր մտքերով, նոր գաղափարներով այդ գործընթացը շարունակելուն։ Մեր բանակաշինությունը տասնամյակների ընթացքում պետական կառույցի բացառիկ ձևավորման պատմություն է։ Ապրիլյան դեպքերը որքան էլ ցավալի, ողբերգական հետևանքներ ունեցան մեր հայրենակիցների կորստի առումով, բայց երկիրը պաշտպանելու այլ ձև մինչ օրս որևէ բանակ դեռ ի հայտ չի բերել։ Զինվորական ծառայությունը միշտ կապված է վտանգի, զոհողության, անգամ կյանքի գնով երկիրը պաշտպանելու գաղափարի շուրջ»,- ասաց նախարարը։
Սարգսյանի խոսքով՝ ամենակարևոր բանը, որ այս տարիների ընթացքում տեղի է ունեցել, հասարակության գիտակցությունն է, որ երկրի պաշտպանությունը չի կարող լինել հասարակության մի մասի ուսերին միայն. «Կարծում եմ՝ մենք գիտակցել ենք, որ երկրի պաշտպանությունը չի կարող լինել հասարակության կեսի ուսերին, այն կենսակերպ է ողջ հասարակության, ողջ երկրի, ողջ պետական համակարգի նաև, կարծում եմ, որ դա է առանցքը մեր հետագա քայլերի, բոլոր այն ծրագրերի, նպատակների, որոնք պետք է կյանքի կոչենք, որպեսզի որպես ազգ-բանակ՝ պատրաստ լինենք պաշտպանելու մեր երկիրն ու պետությունը:
Չեմ կարծում, որ Պաշտպանության որևէ նախարար երբևէ պետք է իրավունք ունենա նայելու հասարակության աչքերին ու ասի, որ ամեն ինչ արել են, ամեն ինչ փայլուն է ու որևէ խնդիր չկա: Ով այդպիսի բան ասի, դա կնշանակի՝ կամ խնդիրը լիարժեք չի պատկերացնում, կամ անելիք չունի ուղղակի, ես կարող եմ մի բան ասել՝ մենք շատ հետևողական աշխատել ենք ու աշխատելու ենք մեր մարտունակությունը բարձրացնելու, մեր բանակի համբավը այն մակարդակում պահելու, որով մենք դուրս ենք եկել Ղարաբաղյան պատերազմից զինադադարը կնքելիս և կարծում եմ, որ մենք պետք է մշտապես ի վիճակի լինենք լուծելու ոչ միայն այդ, այլև շատ ավելի խորը խնդիրներ, որ կարող են ի հայտ գալ 21-րդ դարի աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում: Մենք տեսնում ենք անհրաժեշտություն մեր առաջնագիծն ամուր պահելու: Մենք տեսնում ենք դրանք ամեն օր ամուր պահելու խնդիր», - ասաց Պաշտպանության նախարարը։
Տեսանյութը՝ armlur.am-ի