Ի կատարումն ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի՝ ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցները ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հանձնարարությամբ շարունակում են ստուգումներ և հետազոտություններ իրականացնել հանրային սննդի օբյեկտների, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտում գործող այլ կազմակերպությունների կողմից հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների պահպանման ուղղությամբ:

Տեսչության կողմից միայն Երևանում իրականացվել են 20-ից ավելի նպատակային հրդեհատեխնիկական հետազոտություն և ստուգում, որոնց արդյունքներով օբյեկտների ղեկավարներին հանձնվել են կարգադրագրեր՝ արձանագրված հակահրդեհային թերությունները սահմանված ժամկետներում վերացնելու համար:

Ստուգայցի օբյեկտների ցանկում են «Տաշիր» առևտրի կենտրոնը, «Մոսկվա» կինոթատրոնը, «Նեպտուն» մանկական կենտրոնը, «Ջոս» ռեստորանային համալիրը, «Պանդոկ Երևան»-ը և այլն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ստուգումների և հետազոտությունների ընթացքում հայտնաբերվել են մի շարք թերություններ, որոնցից ամենատարածվածն են՝ տարահանման ելքերի բացակայությունը, հակահրդեհային ինքնաշխատ համակարգի բացակայությունը, խնդիրներ կապված կրակմարիչների, էլէկտրական տնտեսության, հրշեջ ծորակների հետ, ինչպես նաև՝ ծխահեռացման ինքնաշխատ համակարգի բացակայությունը:

ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցների կողմից տնտեսվարողներին հանձնված թերությունների վերացման վերաբերյալ կարգադրագրերում նշված ժամկետների ավարտին կիրականացվի կրկնակի ստուգայց, կարգադրագրերում նշված թերությունները վերացրած չլինելու դեպքում տվյալ տնտեսվարողները կենթարկվեն վարչական տույժի: Զուգահեռաբար ստուգումներ են իրականացվում նաև ՀՀ բոլոր մարզերում, որտեղ տնտեսվարողներին արդեն հանձնվել է մոտ 30 կագադրագիր:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցնում և հորդորում է տնտեսվարողներին զգոն լինել և ապահովել հրդեհային անվտանգության պահանջներն ու կանոնները՝ համաձայն «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքի: