Մարդու իրավունքների տեսակետից ցուցարարների ձեռագիրը ես ողջունում եմ, ողջունում եմ նաև ոստիկանության պահվածքը, սակայն հեղափոխությունը քաղաքական պահանջ է, իսկ այդ պահանջին խառնել երիտասարդներին և անչափահասներին՝ ես չեմ ողջունում, քանի որ նրանք այս դեպքում առավել խոցելի են դառնում, ուստի ճիշտ կլինի զերծ մնալ անչափահասներին ցույցերին ներգրավելուց:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի գործադիր ղեկավար Լարիսա Ալավերդյանը՝ ընդգծելով, որ Հայաստանում ստեղծված ֆորս-մաժորային իրավիճակում ոստիկանությունը պետք է կարողանա համակարգված աշխատել՝ թույլ չտալով խախտել նաև ազատ տեղաշարժման իրավունքը:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և ցուցարարների կողմից հայտարարված «թավշյա հեղափոխություն» կարգախոսին՝ Լարիսա Ալավերդյանը նկատեց, որ վաղ է տոնել այդ հեղափոխության հաղթանակը, քանի որ ընդունված նորմ է աշխարհում, որ հեղափոխությունն ունի սկիզբ և չունի վերջ:
«Մենք դեռ պետք է սպասենք զարգացումներին»,-ասաց նա:
ԼՈւՐԵՐ.com-ը բանախոսից հետաքրքվեց՝ եթե Նիկոլ Փաշինյանի պահանջած չորս կետերը չեն մտնում Սահմանադրության մեջ, ինչ կերպ են դրանք իրականություն դառնալու: Հարցին ի պատասխան՝ Ալավերդյանը նկատեց. Նիկոլ Փաշինյանը կամ պետք է հստակեցնի իր պահանջները, կամ հավաքի 50 հազար ստորագրություն Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու համար, հակառակ պարագայում, սա ոչ թե թավշյա, այլ լուրջ հեղափոխություն է:
«Իշխանությունները մարտի մեկից հետո դասեր չքաղեցին, և դա է այս հասարակական բողոքի պատճառը»,-ասաց Ալավերդյանը, ընդգծելով, որ այս իշխանությունները Մարտի մեկից հետո պետք է գնային կտրուկ քայլերի և այդ կամքը չցուցաբերցին, դժգոհություն ծնող պատճառները վերացնելու համար:
Ալավերդյանի խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի մտահոգություն, որ ՀՀԿ-ն կարող է առաջարկել վարչապետի այլ թեկնածու, դրա համար էլ ուզում են ճնշում բանեցնել ժողովրդի միջոցով: Վտանգավոր իրավիճակ է ստեղծվել, քանի որ այս պահին կա նաև խնդիր՝ դուր գալ բողոքող հատվածին, ինչը կար նաև Արցախյան պատերազմի ժամանակ:
«Կոչ եմ անում՝ ավելի հստակ ծրագիր ներկայացնի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, քանի որ նա ևս ունի պատասխանատվություն ժողովրդի առաջ: Բաժանումը յուրայինների և ոչ յուրայինների վտանգավոր է, պետք է խուսափել դրանից»,-ասաց Ալավերդյանը: