Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել է իրավախախտման 11 դեպք, որոնց մասով իրականացվել են քանդման աշխատանքներ:

Ինչպես  տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս ուղղությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությանը, հասարակական կարգի պահպանության ծառայությանն ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է առավել հետևողական լինել և ուժեղացնել հսկողությունը, որպեսզի բացառվի ապօրինության ցանկացած փորձ:

 

«Հնարավորին խստացրեք վերահսկողությունն ու խստորեն հետևեք, որ որևէ մեկը չփորձի օգտվել ինչ-ինչ հանգամանքներից ու դիմի ապօրինության: Մենք անհրաժեշտ բոլոր քայլերը ձեռնարկել ենք, որ այս ոլորտում գործընթացներն առավելագույնս պարզեցված լինեն: Ըստ այդմ ուղղակի անընդունելի է ապօրինաշինության ցանկացած փորձ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Աշխատանքային խորհրդակցությանը զեկուցվել է, որ, ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ մայրաքաղաքի մարդաշատ և զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող տարածքներում հանրային զուգարաններ տեղադրելու ուղղությամբ: Մասնավորապես, Կենտրոն վարչական շրջանում այդ նպատակով առանձնացված 5 տարածքներից 3-ում արդեն իսկ ընթանում են դրանց տեղադրման աշխատանքները: Հանձնարարվել է մասնավորի հետ համատեղ շարունակել ու հնարավորին շուտ ավարտել այդ աշխատանքները: Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ավարտին են մոտենում Գլխավոր պողոտայի հարակից այգու վերակառուցման երկրորդ փուլի աշխատանքները:

Սահմանված ժամանակացույցով շարունակվում են նաև Էրեբունի-Երևանի 2750-ամյակին նվիրված այգու վերանորոգման և Էրեբունի վարչական շրջանում Երևանի հիմնադրման 2800-ամյակի այգու հիմնման աշխատանքները: Զեկուցվել է նաև, որ Երևանի քաղաքապետարանի 2018թ. ծրագրերով շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքեր մուտքերի և տանիքների նորոգման, բակային տարածքների և խաղահրապարակների հիմնանորոգման, աղբամանների ու նստարանների թարմացման, կամրջային կառույցների, հենապատերի, եզրաքարերի և սալիկապատ մայթերի վերանորոգման, ինչպես նաև թեքահարթակների կառուցման ու վթարային պատշգամբների վերանորոգման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս հանձնարարել է շարունակել խստացված հսկողությունը կատարվող աշխատանքների որակի և ժամկետների պահպանման ուղղությամբ: