Սիրիայում ՀՀ դեսպանությունում մայիսի 6-ին տեղի ունեցավ Արցախյան շարժման հոբելյանին նվիրված միջոցառում, որին ներկա էին Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, ՍԱՀ խորհրդարանի պատգամավոր Նորա Արիսյանը, Սիրիայում գործող միջազգային կազմակերպությունների պաշտոնյաներ, դամասկահայ միությունների անդամներ և այլն: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Միջոցառման մեկնարկին ցուցադրվեց Սիրիայում ՀՀ դեսպանության կողմից պատրաստված կարճամետրաժ ֆիլմը, որում համառոտ ներկայացված է Արցախյան շարժումը՝ 1988թ.-ից մինչև մեր օրերը: Ֆիլմում անդրադարձ է կատարվում նաև Ադրբեջանում հայերի դեմ բռնաճնշումներին, ինչպես նաև Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում և այլուր ադրբեջանական իշխանությունների կողմից սանձազերծված և կազմակերպված ջարդերին: Ֆիլմի եզրափակիչ հատվածը պատմում է 2016թ.-ի ապրիլյան պատերազմի օրերին հայ զինվորների գործած սխրանքների մասին:

Ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի ունեցավ Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանի դասախոսությունը «Արցախյան շարժման 30-ամյակ. Հաղթանակներ, չլուծված խնդիրներ, կարգավորման սպասելիքներ» խորագրով:

Դեսպան Փոլադյանն ունկնդիրներին հանգամանալից ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի պատմությունը և անկախության համար Արցախի ժողովրդի մղած պայքարը: Նա անդրադարձ կատարեց Ռուսաստանի կոմկուսի կովկասյան բյուրոյի կողմից Արցախի՝ 1921թ.-ի հուլիսի 5-ի ուխտադրուժ և ապօրինի կերպով բռնակցումը Ադրբեջանին՝ նշելով, որ այդ անարդար որոշումից սկսվեցին արցախահայության տառապանքները:

Ապա ՀՀ դեսպանը մանրամասն խոսեց խորհրդային շրջանում Ադրբեջանի ԽՍՀ իշխանությունների կողմից Արցախի և Նախիջևանի հայաթափության հետևողական քաղաքականության մասին, որի արդյունքում Նախիջևանը գրեթե ամբողջությամբ հայաթափվեց, իսկ Արցախում հայերի թիվը կտրուկ նվազեց: Այնուհետև, դեսպանը ներկայացրեց Արցախցի ժողովրդի մաքառումներն իր պատմական իրավունքի և արդարության վերականգնման համար:

Եզրափակելով դասախոսությունը՝ Արշակ Փոլադյանն անդրադարձ կատարեց ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանն ուղված Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ջանքերին՝ նշելով, որ ՀՀ առաջնահեթությունն է խնդրի խաղաղ կարգավորումը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, մասնավորապես, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի կիրառմամբ: