«Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցները բողոքում են. վարձավճարները բարձր են, առեւտուր՝ համարյա չկա, հետևաբար, այդ շուկայում աշխատելն արդեն իմաստ չունի: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասացին տոնավաճառի աշխատողները՝ նշելով, որ ստորագրահավաք են իրականացնում տնօրինությանը ներկայացնելու համար:
«Ամբողջ օրը մտածում ենք՝ տեղի փողը հանեցի՞նք, կարո՞ղ ենք վճարել, թե՝ ոչ: Դուրս է գալիս՝ աշխատում ենք, բայց՝ անարդյունք: Մեր պահանջն ընդամենը վարձավճարների իջեցումն է: Երևանում չկա մի տարածք, որտեղ վարձավճարն այնքան բարձր լինի, որքան այստեղ: Երկիրը դատարկվել է, մարդիկ չեն գալիս առևտուր անելու, իսկ վարձավճարները ինչպես եղել են, այդպես էլ մնում են: Բազմիցս բողոքել ենք, բայց ոչ մի արդյունքի չենք հասել»,- ասում էին աշխատակիցները:
Աշխատակիցների բողոքին միջամտեց գնորդներից մեկը. «Մարդիկ անգամ չգիտեն՝ վաճառք իրականացնելուց հետո եկամուտ ունենալո՞ւ են, թե՞ ոչ: Գնորդն անգամ չգիտի՝ տոնավաճառից գնում կատարելուց շահա՞ծ դուրս եկավ, թե՝ ոչ: 25 տարին բավականին երկար ժամանակ է, որ իրենք հագենային: Պետական ո՞ր հիմնարկում է զուգարանը վճարովի, ինչո՞ւ պետք է մեծ կինը մի քանի անգամ գնալու համար վճարի»,- ասաց գնորդը, ում էլ ի պատասխան տոնավաճառի տնօրենն ասաց, թե զուգարանն ուրիշին է պատկանում, ինչպես տաղավարներն են վարձավճարով վերցրել, այնպես էլ զուգարանը, և ինքը կապ չունի դրա հետ:
Առեւտրականների խնդրի շուրջ մենք զրուցեցինք նաև «Ռաֆայել և Տաթև» տոնավաճառի սեփականատեր և տնօրեն Սամվել Ավետիսյանի հետ: Նա նշեց, որ տոնավաճառի աշխատակիցները տաղավարների վճարներն իջեցնելու համար իրենց մի քանի անգամ դիմել են, իրենք էլ, գրեթե մեկ տարի առաջ, ընդառաջելով նրանց խնդրանքը՝ 20 000 դրամով իջեցրել են վճարները.
«Բացի այդ, երկրորդ տաղավար վերցնելու դեպքում էլ 40 000 դրամ էինք իջեցնում: Հիմա իրենք ուզում են կրկին իջեցնենք, բայց էլ չեմ կարող, ինձ ավելի ձեռք կտա փակել տոնավաճառը, քան վարձավճարները իջեցնել: Իրենց մնա՝ կասեն անվճար կանգնեն այստեղ: Նախկինում սեփականատերերը ես և Ռադիկ Սարգսյանն էինք, բայց նրա մահից հետո ես իմ ուժերով բուժկետ, ավտոկայանատեղի, աշխատողների կամ գնորդների երեխաների համար սրահ եմ կառուցել, որոնք անվճար են: Սրճարան եմ կառուցել, ամբողջ ուտելիքը պատրաստվում է այստեղ և բավականին մատչելի գներով: 1000 դրամով կարող են ապահովել իրենց 3-անգամյա սնունդը»,- նշեց նա՝ ավելացնելով, որ աշխատակիցներն այսքանից հետո անշնորհակալ են:
Նշենք, որ տոնավաճառում տաղավարների գները տատանվում են 60 000-240 000 դրամի սահմաններում՝ կախված քմ-ից:
Սոնա Հարությունյան