ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս զորավար Մանվել Գրիգորյանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում պատանի, երիտասարդ երկրապահների ֆիզիկական պատրաստվածությունը: ԵԿՄ վարչությունում Երկրապահի օրվան և մայիսյան տոներին նվիրված սպարտակիադայի ամփոփումն էր:

Սպարտակիադայի ծրագրում շարային, ֆիզիկական և կրակային պատրաստություն էր: Հանրապետության տարբեր մարզերից ժամանած պատանիներն ու աղջիկները հերթական անգամ բարձր արդյունքներով հանդես եկան՝ հավաստելով, որ «Պատանի երկրապահ»-ում աշխատանքները ճիշտ և արդյունավետ են տարվում:

 

Մրցույթի ընդհանուր հաշվարկով մրցանակային տեղերը նվաճեցին Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերի տարածքային բաժանմունքների պատանի երկրապահները:

Սպարտակիադային զուգահեռ սերժանտական կոչումների հավակնող պատանիներն ու աղջիկները նաև ամփոփիչ քննություններ հանձնեցին: Հայրենասիրություն, ընկերասիրություն, զինվորական գործի պատրաստություն- այս առաքելությունն է իրականացնում «Պատանի երկրապահ» կառույցը՝ հրամանատարասերժանտական դասընթացների միջոցով:

Պատանիներն ու աղջիկները ավագ երկրապահներին վստահեցրին, որ հայրենիքի ապագան հուսալի ձեռքերում է: Հերթական անգամ բարձր արդյունքներով փայլեցին «Պատանի երկրապահ»-ի աղջիկները:

Այս աղջիկներից շատերն, ի դեպ, երազում են հայոց բանակում ծառայելու մասին: Երեխաները հիացմունքով և մեծ ոգևորությամբ են խոսում նաև Եռասերունդ երկրապահի ուսումնամարզական ճամբարի մասին, որը շուտով կազդարարի հերթական ճամբարային փուլի մեկնարկը: