Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOICA-ի) պատվիրակության այցը ՀՀ Ազգային ժողով տեղի է ունեցել մայիսի 12-19-ը՝ որպես 2017 թվականի ընթացքում անցկացված բանակցությունների եւ կատարված աշխատանքների շարունակություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, այցի շրջանակում քննարկվել են ՀՀ Ազգային ժողովի եւ KOICA-ի համագործակցության ծրագրերն ու հեռանկարները:
Պատվիրակությունը ՀՀ ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչների հետ քննարկել է Կորեայի միջազգային համագործակցության գործակալության կողմից ՀՀ խորհրդարանին ընդլայնված ինստիտուցիոնալ աջակցություն տրամադրելու հնարավորություններն ու բովանդակությունը՝ Ազգային ժողովի դերակատարության բարձրացման ու լիազորությունների ընդլայնման պայմաններում:
Քննարկման արդյունքում նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԺ հանրային լսումների ու հանձնաժողովների նիստերի դահլիճների տեխնիկական վերազինման վերաբերյալ՝ ներառյալ համաժողովների անցկացման, ինչպես նաեւ համաժամանակյա թարգմանության համար անհրաժեշտ համակարգերի վերազինում: Տեխնիկական վերազինումը զուգակցվելու է ԱԺ տեխնիկական եւ կառավարող անձնակազմի վերապատրաստման ծրագրերով, որոնց շրջանակում սույն թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին վերոնշյալ աշխատանքների արդյունավետությունն ապահովելու նպատակով Հայաստան կայցելեն KOICA-ի փորձագետները: