Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն իրենից ենթադրում էր, որ մերժվելու էին նախկին բարքերը ու նոր իշխանության ներկայացուցիչները չէին կրկնելու նախկին իշխանության սխալները: Իհարկե, նոր կառավարությունը դեռևս գործնական քայլեր չի արել, սակայն կառավարության առանձին անդամներ հասցրել են կայացնել որոշումներ, որոնք հակաօրինական են: Սփյուռքի նախարար նշանակվելուց հետո Մխիթար Հայրապետյանը խորհրդական է նշանակել իր ընկերոջը՝ Վաղարշակ Հակոբյանին: Ընդ որում՝ նա դա արել է Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ կետի խախտմամբ:
  
Հիմա էլ Փաշինյանի մեկ այլ թիմակից՝ Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանն է պատրաստվում խախտել՝ Նիկոլ Փաշինյանի եղբոր որդուն՝ Սիփան Փաշինյանին նշանակելով իր խորհրդական, այս դեպքում ևս կա անհամապատասխանություն Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 5 կետի պահանջների հետ:
 
Ինչ խոսք, Փաշինյանն այսօր շատ ավելի լուրջ խնդիրներ ունի լուծելու, քան իր կաբինետի կոմպլեկտավորման մեջ այսչափ խորանալը, սակայն չենք կարող չարձանագրել, որ այսօր կադրային քաղաքականության մեջ մեղմ ասած քաոսային և բացիթողի իրավիճակ է ստեղծվել, երբ շարունակվում են նախկին իշխանությունների կողմից որդեգրված՝ խնամի-ծանոթ–բարեկամ քաղաքականությունը, որը, համաձայնեք՝ Նոր Հայաստանում պարզապես տեղ չունի: Եթե այսօր, համաժողովրդական հաղթանակի էյֆորիայի ֆոնին, Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ըստ որոշ հարցումների 80 տոկոսից էլ բարձր է, այն շատ արագ կնվազի, եթե վարչապետի թիմակիցները շարունակեն նրան այսպիսի արջի ծառայություններ մատուցել: Իր թիմակիցների կարգապահությունը և օրենքի տառին ու ոգուն համապատասխան գործելը բխում է առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի շահերից, ում հետ հանրությունը փոփոխությունների և նախկինում ձևավորված գաղջ մթնոլորտի վերացման լրջագույն հույսեր է կապում: