Այսօր ̀ հունիսի 7-ին, Ազգային ժողովում, կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է գործադիրի ծրագիրը:

Զինված ուժերում նոր իշխանությունների համար մարտունակության և արդյունավետության բարձրացման կարևորագույն միջոցը բանակաշինության և զինվորական ծառայության շուրջ հաստատված մթնոլորտի ու մոտեցումների արմատական փոփոխությունն է։

Կառավարության ծրագիրը՝ ԶՈւ-ում.

«Ամբողջ պետական համակարգում, առավել ևս բանակում, արհեստավարժ անձնակազմի և զորակոչիկների շրջանում անհրաժեշտ է պարտականության զգացողությունը փոխարինել առաքելության զգացողությամբ։ Յուրաքանչյուր սպա, ենթասպա և շարքային՝ պետք է առաջնորդվի պետության և ժողովրդի առաջ ունեցած պատմական առաքելության գիտակցումով։

Զինված ուժերի յուրաքանչյուր հրամանատար և պաշտոնյա պետք է առաջնորդվի այդ առաքելությունը լավագույնս իրականացնելու նպատակով հասարակության և պետության կողմից հատկացված մարդկային, նյութական, ֆինանսական և այլ ռեսուրսները պետության և հասարակության անվտանգության ապահովմանն առավելագույն արդյունավետությամբ ծառայեցնելու գիտակցմամբ։

Յուրաքանչյուր հրամանատար պետք է գիտակցի ծնողների կողմից իրեն վստահված զորակոչիկների կյանքի և անվտանգության ապահովման բարձր պատասխանատվությունը։

Յուրաքանչյուր պաշտոնյա պետք է գիտակցի, որ հասարակության կողմից Զինված ուժերին հատկացված նյութատեխնիկական և ֆինանսական ռեսուրսները քաղաքացիների՝ սեփական սոցիալական, կրթական, առողջապահական և մյուս ոլորտներից խնայված և անվտանգության ապահովման առաջնահերթությունից ելնելով իրեն տրամադրված ռեսուրսներ են։ Եվ այս գիտակցության տարածումը կառավարությունը պետք է ապահովի սեփական գործունեության օրինակով։

Զինված ուժերը պետք է գործնականում զերծ մնան քաղաքական և ընտրական գործընթացների վրա որևէ հնարավոր ապօրինի ազդեցությունից: Զինված ուժերի անձնակազմը՝ շարքայինից մինչև գեներալ, պետք է հնարավորություն ունենա որպես Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացի ընտրություններում իր կամքն արտահայտել առանց ապօրինի ներգործությունների։

Քաղաքական նոր իրողություններից ելնելով՝ անհրաժեշտ է ճշգրտել ՀՀ Զինված ուժերի զարգացման պլանը և Սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագիրը՝ հաշվի առնելով Զինված ուժերի մարտունակության բարձրացման գերակայությունը և ուշադրություն դարձնելով առաջնահերթ լուծում պահանջող հետևյալ խնդիրներին՝

Անհրաժեշտ սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով և նյութատեխնիկական միջոցներով համալրվածությամբ, ռազմական կառավարման արդիական համակարգերի ներդրմամբ, ինչպես նաև անձնակազմի մարտական վարպետության բարձրացման նոր չափանիշերի սահմանմամբ ՀՀ Զինված ուժերի մարտունակության մակարդակը բարձրացնել այնպես, որ այն համապատասխանեցվի ռազմական սպառնալիքների գնահատված (կանխատեսվող) մակարդակին և հավանական պատերազմի բնույթին՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ զինված ոտնձգությունը զսպելու և կանխելու, իսկ պատերազմի ժամանակ՝ ռազմական գործողությունները հնարավորինս վաղ փուլում և ՀՀ համար շահավետ պայմաններով դադարեցնելու նպատակով:

Առաջնագիծը շարունակաբար համալրել արդիական տեխնիկական միջոցներով և մարտական հերթապահության արդյունավետությունն ու անվտանգությունը բարձրացնել այնպես, որ հակառակորդի կողմից դիտարկվող հատվածները հասնեն նվազագույնի, իսկ հերթապահությունում ընդգրկված անձնակազմի անվտանգության աստիճանը՝ առավելագույնի։

- Անձնակազմի հետ տարվող աշխատանքների որակը և արդյունավետությունը բարձրացնել այնպես, որ էականորեն բարձրանա Զինված ուժերի անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստվածության մակարդակը, կարգապահությունը, ապահովվի Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությունը, նվազագույնի հասնեն ոչ կանոնագրային հարաբերությունները, դրանց հետևանքով զինծառայողների արժանապատվության խոցումը, ինքնավնասման և ինքնասպանության (ինքնասպանության փորձերի) դեպքերը։
Այս նպատակի իրագործման համար կարևորագույն խնդիր է նաև ժամկետային զինծառայողների կրթության շարունակականության ապահովումը զինվորական ծառայության ամբողջ ընթացքում։ Զինվորի կրթական ցենզի բարձրացումը և ինտելեկտուալ մակարդակի աճը պետք է լինի Զինված ուժերի զարգացման ռազմավարության կարևորագույն ուղղությունը։

- Ժամկետային զինծառայողների պատշաճ և ամբողջական նյութական բավարարումը կազմակերպել այնպես, որ ժամկետային զինծառայողների ծնողները ստիպված չլինեն շոշափելի մասնակցություն ունենալ այդ գործընթացին։ Շարքային կազմի իրավունքների պաշտպանությունը, թիկունքային, նյութատեխնիկական և բժշկական ապահովումը պետք է լինի Զինված ուժերի ղեկավարության հոգածության ու ուշադրության առարկա և մնան հասարակության վերահսկողության ուշադրության կենտրոնում:

- Բարձրացնել զինծառայողների սոցիալական պաշտպանվածության մակարդակը, իրականացնել բնակարանային և բժշկական ապահովման և այլ ծրագրեր՝ պետական եկամուտների աճի ծավալներին զուգընթաց։ Զինված ուժերի կարևորագույն խնդիրներից է նաև բանակի ապաքաղաքականացման և չեզոքության պահպանման սահմանադրական պահանջի իրագործումը։

- Միջազգային ինտեգրման և հավաքական անվտանգության գործող ընթացակարգերի հնարավորություններն ընդլայնելու նպատակով զարգացնել ռազմաքաղաքական դաշինքներն ու գործընկերությունները՝ պահպանելով ՀՀ ազգային շահերից բխող և առկա ռազմաքաղաքական ընդհանրությունների վրա հիմնված հարաբերությունների ձևավորման հավասարակշռությունը»: